Հավաքական արևմուտքը հենց Հայաստանից է «խիզախ քայլեր» և «ցավոտ լուծումներ» ակնկալում, որովհետև մենք մեր նշաձողն իջեցրել ենք այդ մակարդակի։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն՝ անդրադառնալով պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարությանը, որով նա ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «խիզախ քայլերը»՝ ուղղված «Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելուն»։

«Եթե Ջեյմս Օ՛Բրայենի ելույթը մեկ նախադասությամբ ամփոփենք, ապա դա ելույթ էր Հայաստանի ուկրանինացման մասին։ Այսինքն, Հայաստանին բաց տեքստով առաջարկվում է որդեգրել ուկրաինական մոդելը։ Իսկ սա գործնականում ակնհայտ է, թե ինչ է նշանակում, այսինքն, Հայաստանին մղում են այն մարտավարության որդեգրմանը, ինչը ողբերգության հանգեցրեց Ուկրաինայում և Վրաստանում։ Եթե դու ունես սեփական օրակարգ և սահմանել ես քո համար նշաձողեր՝ քո հետ այդ լեզվով չեն խոսում։ Օրինակ, Ադրբեջանին արևմտյան խաղացողները երբեք իրենց թույլ չեն տա առաջարկել ՌԴ-ի հետ ճշտել քաղաքականությունը։ Սրանք մեր իշխանության արկածախնդիր քաղաքականության հետևանքներն են»։

Հարցին, թե ինչ խիզախ քայլերի մասին է խոսքը գործնականում՝ նա պատասխանեց, որ առաջին հերթին խոսքը «միջին միջանցքի» գաղափարը պաշտպանելն է, այսինքն «Զանգեզուրի միջանցքի» հարցում գնալ այնպիսի լուծման, որը ՌԴ-ի վերահսկողությունը կբացառի։

«Բայց նաև, այո, խրախուսելու են մյուս քայլերը, որոնք ուղղված կլինեն ռուսական ազդեցության փոքրացմանն ու թուլացմանը։ Ուշագրավ է որ այս ամենի հետ մեկտեղ՝ մեզ ոչինչ չեն խոստանում, օրինակ այնպիսի քայլեր, որոնց միջոցով Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում մեր դիմադրողականությունը կամ պաշտպանողականությունը պաշտպանեն»։

Դիտարկմանը, թե Փաշինյանը և իր թիմը խոսում են արտատարծքային կոմունիկացիաների անընդունելի լինելու մասին՝ նա ընդգծեց, որ երբ խոսում են դրա անընդունլի լինելու մասին, խոսում են դրա ռուսական վերահսկողության անընդունելի լինելու մասին։

«Իրականում Հայաստանի իշխանությունները ոչ թե միջանցքային տրամաբանությանն են դեմ, այլ միայն դրա ռուսական վերահսկողությանը: Ամերիկյան կողմը շատ ավելի բացահայտ է խոսում միջանցքի մասին, բայց Երևանից դրա հակադարձման մասին խոսք չկա։ Ռուսական կարգավորման մասով առարկություններ կային, իսկ այստեղ առարկություններ չկան, ինչը նշանակում է, որ հայկական կողմը ոչ թե միջանցքային տրամաբանությանն է դեմ, այլ դրա ռուսական վերահսկողության»։