ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոցում կատարված չարաշահումները, հափշտակությունների մեխանիզմը, պարզվել պետությանը պատճառված վնասի չափը, որն ամբողջությամբ վերականգնվել է։
«Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ 2016 թվականի նոյեմբերին ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով նախաքննությունը 2016 թվականի դեկտեմբերից շարունակվել է ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում։ Այս մասին տեղեկացնում ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2013-2016 թվականներին մարզադպրոցի մի քանի մարզիչների հաստիքների վրա ձևակերպվել են տարբեր անձինք, ովքեր իրականում աշխատանքի չեն ներկայացել, իսկ նրանց անվամբ ելքագրված աշխատավարձերը յուրացվել են։ Քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ մարզադպրոցում որպես հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ ձևակերպված է եղել նաև դպրոցի տնօրենը, ով իրականում մարզչի գործառույթներ չի իրականացրել։
Նախնական քննության տվյալներով՝ մարզադպրոցում արձանագրված չարաշահումների հետևանքով յուրացված գումարը կազմում է 4 .665.405 մլն դրամ։ Որպես կասկածյալ ներգրավված մարզադպրոցի տնօրենը հարցաքննվել է և ցուցմունք տվել բացահայտված չարաշահումների վերաբերյալ։ Կասկածյալն այսօր ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը. վարույթն իրականացնող մարմնին՝ Արթիկի քննչական բաժնին, ներկայացվել է պետությանը պատճառված վնասը՝ 4 .665.405 մլն դրամը, որը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: