«Համախմբում» կուսակցության անդամ Կարեն Անդրեասյանն իր թեկնածությունն առաջադրելու հետ կապված հստակ որոշում դեռևս չունի, չգիտի՝ ինչպիսին կլինեն իր հարաբերությունները կուսակցության հետ: «Ամեն ինչ կախված է նրանից, թե արդյո՞ք «Համախմբում»-ը կորոշի լինել մի դաշինքում, որը կղեկավարի Սեյրան Օհանյանը: Եթե նման բան լինի, ես, բնականաբար, այդ ողջ ընտրական պրոցեսին չեմ մասնակցի և չեմ լինի այդ դաշինքում»:

 

Օրեր առաջ Կարեն Անդրեասյանը ֆեսյբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ իշխանափոխության համար լայն համախմբում է անհրաժեշտ, որի մեջ կարելի է ներառել նաև նախկինում սխալված կամ մեղքեր գործած միայն այն մարդկանց, ովքեր անկեղծորեն զղջալով՝ անցել են քաղաքական կամ իրավական քավարանով:

 

«Այսօրվա Հայաստանի ցանկացած պաշտոնյա քավարանով պետք է անցնի: Պարոն Օհանյանը 3-4 ամսում չէր կարող անցնել այն ճանապարհը, որպեսզի կարկառուն իշխանական պաշտոնյայից դառնար կարկառուն ընդդիմադիր առաջնորդ»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անդրեասյանը:

 

Քաղաքական այս խառնաշփոթին զուգահեռ՝ սկսեցին տարածվել տեղեկություններ, թե Անդրեասյանն, ամեն դեպքում, որոշում է կայացրել հեռանալ Հայաստանից: Լուրեր պտտվեցին, թե վերջինս շարունակելու է իր գործունեությունն արդեն Վրաստանում, ուր կաշխատի այդ երկրի խոշոր բանկերից մեկում:

 

Կարեն Անդրեասյանն այս լուրը հաստատեց, սակայն մի փոքր վերապահումով.

 

«Վրաստանի բանկի տնօրենների խմբի անդամ լինելը արտագաղթ չի ենթադրում, այլ նշանակում է, որ պարբերաբար կգնամ Վրաստան՝ մասնակցելու տնօրենների խորհրդի նիստին: Այդ առաջարկն ընդունելը կախված է իմ հետագա քաղաքական որոշումից, թե ինչ ընտրություն կկատարեմ, ինչ քաղաքական ծրագրեր կիրականացնեմ»: