Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայաստանյան շուկայում բենզինի գինը բարձրացել է 20-30 դրամով: Այս վառելանյութից օգտվողները նախկին 330 դրամի փոխարեն ստիպված են վճարել 360 դրամ: Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովից մեզ տեղեկացրել էին, որ բենզինի գնի բարձրացման պատճառները դեռևս պարզ չեն: Թեմայի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցը զրուցեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ՝ պարզելու՝ ըստ նրա, ինչո՞վ է պայմանավորված բենզինի գնաճը:
«Բենզինի գնի բարձրացումը պայմանավորված է սուբյեկտիվ գործոններով, որի տակ, ակնհայտորեն, չեն կարող լինել ծանրակշիռ հիմնավորումներ»,- ասաց Վարդան Բոստանջյանը:
Թեև նոր կառավարությունը դեռևս ամիսներ առաջ՝ փորձում էր որոշակի լծակներ կիրառել, որպեսզի իջնի բենզինի գինը, սակայն հասկանալի է՝ մի երկրում, որտեղ մենաշնորհներ կան, նման արգելքների դեմն առնելը դժվար գործ է:
Ըստ տնտեսագետի՝ գների աճը պայմանավորված է նաև նախընտրական շրջանով. «Խիստ մրցակցություն է գնալու, մինչև անգամ օրինական շրջանակներից դուրս, և դա լինելու է մեր ֆինանսական ռեսուրսների օգտագործմամբ: Բոլոր նրանք, ովքեր մտել են այս մրցավազքի մեջ, ես ենթադրում եմ, որ շրջանառության մեջ պետք է շպրտեն մեծ ծավալի ֆինանսական միջոցներ: Թույլ տնտեսության պարագայում այդպիսի փողերի հայթայթումը կապված է, բացառապես, մենաշնորհ իրավիճակների խստացման հետ»:
Արդյոք նախընտրական շրջանում հայաստանյան ներկրողները կօգտվեի՞ն առիթից և գին կբարձրացնեի՞ն, դիտարկմանն ի պատասխան՝ Վարդան Բոստանջյանը նշեց, որ տրամաբանական առումով՝ այդպես պետք է լիներ, սակայն մեզ մոտ գրեթե ակնհայտ է դարձել, որ ընտրություններին նախորդող ժամանակահատվածում անընդհատ առնչվում ենք նման երևույթների հետ, քանի որ մեր հանրապետությունում ազատ մրցակցությունը բացակայում է, իսկ մոնոպոլ նկրտումները՝ խեղդում:
Հարցին՝ համաշխարհային շուկայում ի՞նչ փոփոխություններ են կատարվել, որոնք հանգեցրել են Հայաստանում վառելանյութի գնի աճին, տնտեսագետը պատասխանեց՝ «հենց որևէ բան է տեղի ունենում, ասում են՝ համաշխարհային վիճակներն է վատ: Բոլորը վատն են, մեղավոր են, մենք չափազանց լավն ենք, ամբողջ մոլորակը երազում է Հայաստանում ապրել. Նման մոտեցումն, իհարկե, սխալ է»:
Սոնա Հարությունյան