«Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող նախկին սպա Ցոլակ Խաչատրյանը շարունակում է հացադուլը: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը տեղեկացրեց. «Ցոլակ Խաչատրյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Նա բողոքում է անկախ հանձնաժողովի որոշման դեմ»:

 

Նշենք, որ Ցոլակ Խաչատրյանը հունվարի երեսունմեկից հացադուլի մեջ է: Նա հանդիպում է պահանջում ՀՀ գլխավոր դատախազի հետ: Նախկին սպան բողոքում է պայմանական վաղաժամկետ ազատման իր դիմումը մերժելու համար՝ պնդելով, որ իրեն ազատազրկման են դատապարտել՝ ապօրինի կերպով ծառայության չներկայանալու համար, սակայն, այդ ժամանակ պայմանագիրը, որով պարտավոր է եղել ծառայել ՀՀ զինված ուժերում, օրինական ուժը կորցրած է եղել ու նա պարտավորություններ չի ունեցել:

 

Վերջինս, ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջում է պատժել նրանց, որոնց սխալի պատճառով, ինքը հայտնվել է անազատության մեջ:

 

Հավելենք, որ Ցոլակ Խաչատրյանը դատապարտվել է 2014 թվականին՝ 2,5 տարի ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ լքելը):

 

Սոնա Հարությունյան