Այսօր Սահմանադրական դատարանի շենքը հսկվում է ոչ թե շարքային և կրտսեր ոստիկանության աշխատակիցներով, այլ՝ բարձրաստիճան սպաներով, որն էլ, ըստ ոստիկանության կատարած հետագա գործողությունների, պարզ դարձավ թե ինչու:
Այսօր կեսօրին ՀՀ ոստիկանությունը, մասնավորապես, համապատասխան գնդի հրմանատար, գնդապետ Հրաչյա Զատիկյանը արգելեց ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանի մուտքը Սահմանադրական դատարան: Հրանտ Նազարյանն էլ իր հերթին պահանջում էր, որ Հրաչյա Զատիկյանը ցույց տա այն օրենքը, որում թույլ չի տրվում դատավորի շենք մտնելը:
Հանգամանքները պարզելու համար ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի հետ, որը չցանկացավ մեկնաբանել կատարվածը. «ՀՀ ոստիկանությունն է գործողություններ կատարել կարծում եմ, որ իրենք էլ պետք է պատասխան տան իրենց կատարած գործողությունների համար»,- ասաց Էդգար Ղազարյանը:
ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց նաև ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալի հետ, որը հանգամանորեն բացատրեց իրավիճակը. «22.06.2020 թվականին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված և 26. 06. 2020 թվականին ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածում կատարված փոփոխությունների հիման վրա՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական նորմերի անմիջական գործողության տրամաբանությունից ելնելով` արձանագրում ենք, որ եթե լրացել է Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի` այդ պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարին, ապա Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունները համարվում են դադարած: Նորմի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրելու, որ սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու Սահմանադրական դատարանի վարչական շենք: Սահմանադրական դատարանի շենքում անցագրային ռեժիմի հետ կապված հարցերը կարգավորված են սահմանադրական դատարանի աշխատակարգի 3-րդ հավելվածով»,- պարզաբանեց Էդգար Ջանոյանը: