Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ասաց, որ եթե Օհանյան-Օսկանյան դաշինքը շարունակի հապաղել և գաղտնի պահել ժողովրդից իր գործողությունները, ապա հնարավոր է՝ ԱԻՄ-ը դուրս գա այդ միությունից:

 

Պարույր Հայրիկյանի կարծիքով՝ անհասկանալի դանդաղկոտություն կա իրենց դաշինքում. «Դաշինքը պետք է հասցնես մատուցել մարդկանց, և դաշինքի անվան ձգձգումը ցույց է տալիս, որ պատշաճ պատասխանատվությամբ չենք կարողանում վերաբերվել այդ դաշինքին: Միասնությունն ինքնանպատակ չի կարող լինել մեզ համար: Պիտի արագացվի ամեն բան, հակառակ դեպքում՝ ԱԻՄ-ը վերադառնալու է իր նախնական դիրքորոշմանը: Եթե չստացվի միասնական ուժերով աշխատել, հզոր միավորում ստեղծել, ապա ամեն ինչ ավելորդ է»:

 

Ըստ Պարույր Հայրիկյանի, Օհանյան-Օսկանյան դաշինքում տեղերի գզվռտոց է գնում, և երբ կա դիկտատուրա, ավելի հեշտ է տեղերի հարցը լուծել, իսկ ժողովրդավարական կառույցներում մի քիչ դժվար է:

 

«Գզվռտոց է սկսվել տեղերի համար, բայց եթե դու գնում ես հաղթելու, ուզում ես երկրում ինչ-որ բան փոխել, այդ ի՞նչ կարևոր է, թե ցուցակի որ տեղում կլինես՝ առաջին, թե տասներորդ: Այդ գզվռտոցին ԱԻՄ-ը չի մասնակցի, քանի որ ես արդեն հայտարարել եմ, որ համաձայն եմ լինել տասներորդ տեղում»,-ասաց Պարույր Հայրիկյանը՝ հույս հայտնելով, որ դաշինքին, այնուամենայնիվ, կհաջողվի ընդհանուր հայտարարի գալ ցուցակների հարցում: