Փաստաբան Սաֆար Հուսեյնովը փետրվարի 9-ին Բաքվում հանդիպել է Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Բաքվի թիվ 1 քննչական մեկուսարանում Լապշինին հանդիպած փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալը չի բողոքում պահման պայմաններից և առողջական վիճակից:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան:

Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ' պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: