«Կոնտինենտտեքս» ՓԲԸ Հայաստանի Ոստիկանության կարի արտադրամասն արդեն չորրորդ տարին է սննկացել և լուծարվել է, իսկ 200-ից ավել աշխատակիցներ մինչ օրս չեն ստացել մեկ տարվա աշխատավարձ և վերջնահաշվարկ: Այս մասին այսօր հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասացին ընկերության նախկին աշխատակիցները (Գոհար Թամամյան, Գոհար Գրիգորյան, Սիրանուշ Խալաթյան, Սանամ Ավագյան):
«Բազմիցս դիմել ենք ներքին գործերի նախարարության աշխատակիցներին, փոխնախարարին, վարչության պետին, բայց արձագան չկա: Ճիշտ է իրենք ասում են՝ անպայման կստանանք, բայց արդեն չորրորդ տարին է չենք ստանում: Մենք դիմում-խնդրանք-նամակ ենք գրում վարչապետին, բայց նամակը գնում է Գույքի կառավարման վարչություն: Ոչ ոք բանի տեղ չի դնում»,- ասացին նրանք՝ հավելելով, որ կառավարության դիմաց բազմաթիվ ցույցեր են արել, բայց ապարդյուն, ոչ մի արձագանք չկա:
Հուսահատ աշխատակիցները դիմում են վարչապետին՝ ասելով, որ իրենց պահանջն արդար է, իրենք պահանջում են արդար քրտինքով աշխատած գումարը. «Վարչապե’տ, ողնաշարները կոտրելու հրաման եք տվել, դե տվե’ք մեր փողերը»:
Ընկերության նախկին աշխատակիցների խոսքով՝ քավոր-սանիկ կապերով աթոռները փոխվում են. «Բերեցին մի ապիկարի նշանակեցին տնօրեն, քանդեց հիմնարկը»:
Սոնա Հարությունյան