Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին գտնվում է Կապան քաղաքում, որտեղ հավաքվել է հոծ բազմություն։ Այստեղ Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց իր «Բարև»-ի արշավը։
«Պարոն Խաչատրյան ելեք խնդրեմ։ Մենք պահանջում ենք Ձեր հրաժարականը»,–Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին դիմելով' ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, ում կապանցիները մեծ ոգևորությամբ ծափահարեցին։ Հարկ է նկատել, որ Կապանում կրքերը բավականին թեժ են։ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին եկավ մի կին, ով ասաց, որ չի կարելի պահանջել մարզպետի հրաժարականը, քանի որ նա պատերազմի թոհուբոհով անցած մարդ է, և որ Սյունյաց աշխարհը սիրում է նրան։ Րաֆֆի Հովհաննիսյանը նորմալ է համարում, որ մարդիկ հայտնում են իրենց տեսակետը և հիշեցրեց, որ դա ոչ թե իր պահանջն է, այլ ժողովրդի։
«Հայաստանը պատկանում է հայ ժողովրդին»,–ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։ Դիմելով հայրենակիցներին' նա ասաց, որ Կապանի ժողովուրդը, սյունյաց աշխարհը ոչ թե կեղծ արծիվների, այլ ազնվության միջոցով հաղթանակել են։
«Կապանը տվել է Հայաստանի հաղթանակը։ Կարևորն այն է, որ մենք հավատացինք, որ երբ աշխարհը անհավատ դարձավ, Կապանն ասաց մի րոպե, ես հավատացյալ եմ։ Իրենք չհավատացին, ծաղրեցին, ասացին, որ ետդարձ չկա, դուք ասացիք' ոչ ։ Ասացիք Գարեգին Նժդեհը ոչ թե կուսակցությունն է, այլ ես եմ։ Սերժի, Լիցկայի անունը տալ պետք չէ, միայն պետք է տալ Հայաստանի անունը»,–ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նա, դիմելով կապանցիներին, ասաց, որ թույլ չի տալու ժողովրդի հաղթնակը ժողովրդի ձեռքից գողանան։ «Ժողովուրդը ասել,է որ ես հաղթել եմ, ու ես այդ հաղթանակը տանելու եմ մինչև վերջ։ Նրանք, ովքեր վարժվել են իմ բարևին ու ժպիտին, ոչ մի բան չեմ փոխում. Բարև Սյունիք, բարև Կապան»,- հայտարարեց Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը հեռացավ Կապանից՝ վերադառալու խոստումով և իրավունքի, աշխատատեղ, կրթաթոշակ ստեղելու հավատամքով։