«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հույս ունի, որ առաջիկայում կկայանա չորս ոչ իշխանական ուժերի' ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, «Ժառանգության» և ՀՅԴ-ի ղեկավար մարմինների հանդիպումը: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Այսպես ապրել հնարավոր չէ. քաղաքական ոչ իշխանական ուժերը պետք է միավորվեն»,-ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերջինս` անդրադառնալով ոչ իշխանական չորս ուժերի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացին, ասաց, որ խորհրդարանում կառուցողական համագործակցություն է, նախագծերը քննարկվում են որոշակի արդյունքներով:
Հովհաննիսյանը նշեց, որ ոչ իշխանական կուսակցությունների ղեկավարների հանդիպումը թույլ կտա որոշ անհարթություններ շտկել, որոշ տարաձայնություններ հաղթահարել, իսկ այս պահին, ըստ Հովհաննիսյանի, համագործակցությունը գործում է միայն ԱԺ-ում, ինչը ողջունելի է:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ «Ժառանգությունը» հետ չի կանգնելու, այդ թվում նաև կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթածից.
«Արատը վերևից է, և իշխանափոխությունը Սերժ Սարգսյանից պետք է սկսվի»,- ասաց Հովհաննիսյանը, հավելելով, որ «Ժառանգությունը» վարչապետի կամ նախարարի պաշտոնի չի ձգտում: