Այսօր կառավարության նիստի ավարտից հետո ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ցուցակում իր 5-րդ տեղը զբաղեցնելուն նշեց, որ իր համար անակնկալ չէր երկրի ղեկավարի նման որոշումը, ուստի դրանում արտառոց ոչ մի բան չի տեսնում. «Այս որոշումը նաև պարտավորեցնող է, ու եթե մեզ հաջողվի կազմել մեծամասնություն, խորհրդարանական ընտրություններից հետո էլ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կշարունակենք իրականացնել մեր ծրագրերը»:
Մշակույթի նախարարից նաև լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է նա վերաբերվում ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի հայտարարությանը, թե ՀՀ -ում քաղբանտարկյալներ կան, Ամիրյանը կարծիք հայտնեց, թե նմանատիպ հայտարարություններն ոչինչ չեն նշանակում, քանի որ ընտրություններից առաջ մարդիկ ինչ-ինչ խնդիրներ են փորձում լուծել. «Նախընտրական շրջան է, և մարդիկ կարիք ունեն հաճոյանալու»:
Վերջում հավելենք, որ նախարար Արմեն Ամիրյանը հանրապետականներին բնորոշ ինքնավստահությամբ չմոռացավ լրագրողներին ավետել, որ հավատում է հանրապետականի հաղթանակին, իսկ իր հետագա բոլոր քայլերն էլ կատարելու է միայն ու միայն օրենքի շրջանակներում: