Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ 7or.am կայքի հիմնադիր Անդրանիկ Թևանյանը «Համախմբում» կուսակցության գրասենյակում ապտակել և ծեծել է Վարդան Օսկանյանին: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Անդրանիկ Թևանյանի հետ՝ պարզելու լուրի իսկությունը:

 

Մեզ հետ զրույցում Անդրանիկ Թևանյանը հերքեց տարածված տեղեկությունները՝ ասելով. «իմաստ չունի մեկնաբանելը, դա սուտ ինֆորմացիա է»:

 

Անդրանիկ Թևանյանը հերքեց նաև այն տեղեկությունները, ըստ որոնց՝ իր և Օսկանյանի միջև խոսակցություններ են եղել պատգամավոր Վահե Հովհաննիսյանին դաշինքի համասնական ցուցակում չներառելու՝ Օսկանյանի որոշման հետ կապված, դրանք որակելով՝ սուտ:

 

Դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ ներկա չէր երեկ տեղի ունեցած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի  ասուլիսին, պարոն Թևանը ասաց՝ քանի որ միայն առաջին երեք համարի ներկայացուցիչներն են ներկա եղել. «Այդ դեպքում կարող եք ասել՝ ինչո՞ւ մյուս մարդիկ ներկա չէին»:

 

Ըստ տեղեկությունների, ծեծկռտուքի վերածված թեժ զրույցի պատճառը Վահե Հովհաննիսյանին դաշինքի համամասնական ցուցակում չներառելու՝ Օսկանյանի որոշումն է եղել, որից հետո Վահե Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, թե չի ցանկանում մասնակցել ընտրություններին: 


Միջադեպից հետո Վարդան Օսկանյանը հավաքել է իրերը և տեղափոխվել Սեյրան Օհանյանի գրասենյակ՝ հայտնելով, թե ինքը չի ցանկանում Անդրանիկ Թևանյանի նետ նույն տարածքում գտնվել:


Սոնա Հարությունյան