Գյումրիի նորընտիր ավագանին այսօր՝ նոյեմբերի 1-ին, իր առաջին նիստում 24 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ քաղաքապետ ընտրեց «Բալասանյան դաշինքի» կողմից առաջադրված թեկնածու Վարդգես Սամսոնյանին։ Նրա թեկնածությանը դեմ քվեարկեցին «Զարթոնք», «Ապրլու Երկիր» կուսակցությունները և ՀՀԿ-ն: Կողմ քվեարկեց «Քաղաքացիական պայմանագիրը»:

Կայացած ընտրությունների, նորընտիր և նախկին քաղաքապետերի, «Բալասանյան դաշինքի» և «ՔՊ»-ի միջև ստորագրված հուշագրի և այլնի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, որն ընտրություններին տվեց հակիրճ որակում՝  «խայտառակություն». «Գյումրիի ընտրություններում հաղթող ու պարտվող չկա: Մասնակցել է 10 կուսակցություն և քվեարկել է ընդամենը 25.000 մարդ՝ 10-12% և ասել, թե ընտրություն է եղել, խայտառակություն է: Հսկայական քաղաքում այդքան քիչ տոկոս ընտրության մասնակցություն է եղել ու պետք է ասեն՝ հաղթե՞լ են ու քաղաքապե՞տ են՝ ամոթ է»,- ասաց նա՝ վերհիշելով իր ընտրության տարիները, երբ, ըստ իր խոսքերի, իրեն ձայն էր տվել 37.000 բնակիչ և արդյունքն էլ առանց կեղծիքի ու գումար բաժանելու է եղել: 

Վարդան Ղուկասյանը համոզված է՝ Գյումրիի ընտրությունները անաչառ կերպով չեն անցկացվել, պետք է ազատ ընտրություն լիներ. «Մինչև քուանշով քաղաքապետ ընտրելու օրենքը չվերացնենք, այդ ամենն ընտրություն անվանելը, սխալ կլինի: Պետք է ազատ ընտրություն լինի, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա իր թեկնածությունն առաջադրի: Այս ամենն արել է նախկին իշխանությունը, որպեսզի քաղաքապետերին կառավարեն, այն ժամանակ ինձ կառավարելը բարդ էր այդ պատճառով իմ օրինակով նման օրենք մտցրեցին երկրում»,- նշեց նախկին քաղաքապետը՝ հավելելով, որ քաղաքապետի ընտրությունները պետք է առանց կուսակցական պատկանելիության լինեն, որ անհատը ևս կարողանա իր թեկնածությունն առաջադրի:

Մեր զրուցակիցը ցավում է, որ հնարավորություն չի ունեցել մանսակցելու Գյումրիի ընտրություններին, քանի որ, ինչպես ինքն է նշում, իր ճանապարհը փակել են: Եթե մասնակցեր, վստահ է՝ Բալասանյան դաշինքը 10-րդ տեղը կզբաղեցներ. «Եթե անհատը կարող է այդ 10-ը կուսակցություններին հաղթել, ապա ինչո՞ւ են այդ մարդու ճանապարհը փակում, ինչո՞ւ չեն թողնում, որ նա իր թեկնածությունը առաջադրի: Եթե մենք մասնակցեինք ընտրություններին, ապա դրանք կընկնեին 10-րդ տեղ, բայց ինձ չեն թողնում՝ մասնակցեմ, ճանապարհս փակել են, քանի որ եթե իրենք ասեն, այս հողերը պետք է հանձնենք, ես դեմ կլինեմ, ազգադավ գործողություններ չեմ ընդունում, իմ գործողությունները միայն ի շահ հասարակության են»,- ասաց Վարդան Ղուկասյանը:

Վերջինս այն կարծիքին է, որ «Բալասանյան դաշինքի» քաղաքապետն այնպես է աշխատելու, որ դուր գա ավագանուն, բայց ոչ ժողովրդին, որովհետև հենց ավագանին է ընտրել նրան. «Ինչ ասի ավագանին, դա էլ կանի Բալասանյան դաշինքը: Սամվել Բալասանյանը ո՞վ է, խելոք, ենթարկվող անձնավորություն. իրենից ի՞նչ է ներկայացնում, անդեմ մարդ է էլի, վերևից ինչ ասացին, այդպես էլ պետք է անի: Բալասանյան Սամվելը իր թիմով անաղուհաց մարդիկ են, իրենց բնութագիրը ժողովուրդն ավելի լավ կներկայացնի»,- ընդգծեց Վարդան Ղուկասյանը: 

Անդրադառնալով Բալասանյան դաշինքի և ՔՊ-ի միջև ստորագրվելիք հուշագրին՝ նախկին քաղաքապետն ասաց, որ այդ երկու ուժերի համագործակցությունից ամեն ինչ էլ կարելի է սպասել. «Վերջերս ուղղակի ժողովուրդը ՔՊ-ին չէր ընդունում, այդ պատճառով իրենց ձայնը տվեցին «Բալասանյան դաշինքին», ինքն էլ նորից գնաց ՔՊ-ին միացավ ու լրիվ խայտառակվեց: Բալասանյան դաշինքից ամեն ինչ հավատացեք, որտեղ ուժ՝ ինքը այնտեղ. անսկզբունք ազգանուն է, ով չի ճանաչում իրե՞նց, դուրս եկեք քաղաք՝ բոլորը կասեն»,- ասաց, Վարդան Ղուկասյանը՝ հավելելով, որ իրենց տվել է շեն քաղաք և շատ ուրախ կլինի, որ գոնե 3 նոր բան ավելացնեն իր ստեղծածի վրա: 

Գյումրիի նախկին քաղաքապետի հետ խոսեցինք նաև քաղաքի ապագայից, սակայն, ինչպես պարզ դարձավ նրա հետ զրույցից, նա լավ ապագա չի սպասում քաղաքի համար. «Տա՛ Աստված, ամեն ինչ լավ լինի, ծառայեն ժողովրդին, մենք էլ տեսնենք, ուրախանանք, բայց չեմ կարծում, որ այսքան ավագանիներով, այսքան տարբեր խմբակցություններով  դա կլինի: Նրանք իրար միս են ուտելու, ամեն մեկը քաշելու է իր կողմը, իր թևի տակ, չեմ կարծում, թե լավ կլինի, բայց ամեն դեպքում ես լավատես եմ: Ցանկանում եմ հաջողակ լինեն, ինչ-որ մենք արել ենք կարողանան դրա վրա ինչ-որ բան ավելացնել, մենք շեն քաղաք ենք հանձնել տվել ենք ամեն ինչ»,- ասաց Վարդան Ղուկասյանը՝ շեշտելով, որ չնայած նախկին իշխանությունները ամեն ինչ անում են, որ իրեն վարկաբեկեն, միևնույն է ժողովուրդը իրեն շարունակում է սիրել և հարգել: