«Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը այսօր՝ ժամը 12։00-ին, քաղաքացիներին, քաղաքական, հասարակական գործիչներին և բոլոր ցանկացողներին հրավիրել էր «Ավիատրանս» հյուրանոց՝ զինվորական պահածոների դեգուստացիայի։Ինչպես ավելի վաղ եթերում նշել էր Ղուկասյանը, նա ստանում է հազարավոր ահազանգեր զինվորներից, որոնք բողոքում են, որ «տուշոնկաները» ոնց բերում են, այնպես էլ թափում են՝ «անգամ շները դա չեն ուտում»։

 
 

ԼՈՒՐԵՐ․com-ի լրագրողի փոխանցմամբ՝ դեգուստացիային այցելած անձինք համտեսել են պահածոները և պնդել, որ միայն հոտն ու գույնը բավական է՝ ասելու, որ պատշաճ կերակուր չէ, առավել ևս՝ զինվորի համար։ Ավելին, ներկաները պահանջել են շտապօգնության մեքենա հրավիրել հյուրանոցի մոտ՝ նախքան դրանք համտեսելը։

«Վստահ չեմ, որ խոզերը կուտեն սա։ Արտադրողներին և պատասխանատուներին պետք է պատասխանատվության ենթարկել»,- նշել է ներկաներից մեկը։

 

Մեկ այլ մասնակից էլ պնդել է, որ զինվորի սնունդը ահավոր որակի է, վատ հոտ է գալիս։

Վարդան Ղուկասյանը, որը տեսակապով միացել էր դեգուստացիայի միջոցառմանը, հայտնեց, որ «անակնկալ» ունի, ինչից հետո կազմակերպիչները սենյակ բերեցին շուն, որը, իրենց պնդմամբ, երկու օր հաց չէր կերել։ Նրան առաջարկեցին սրահում առկա բոլոր պահածոները, բայց ինչպես կտեսնեք տեսանյութում, վերջինս հրաժարվեց դրանք ուտել։

Մանրամասները՝ տեսանյութում