Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ուղերձում ասվում է.

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Արցախի վերածննդի օրվա առթիվ:

 

1988 թվականի փետրվարի 20-ը մեր ժողովրդի տարեգրության մեջ մտավ որպես ճակատագրական եւ վճռորոշ օր, որն ազդարարեց արցախահայության' ազատ ու անկախ ապրելու անսասան կամքի մասին: Այն դարձավ համազգային միասնության եւ անպարտելի ոգու զարթոնքի խորհրդանիշ: Սկիզբ առավ օտարի լծի դեմ ըմբոստացման համաժողովրդական ալիք, որը վերածվեց ազգային-ազատագրական շարժման եւ մեր ազգային պետականության վերակերտման' ժողովրդավարության արժեքներին եւ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան:

 

Հանուն մեր արդար պայքարի հաղթանակի' սեփական կյանքը զոհեցին քաջ հայորդիներ, ովքեր իրենց անօրինակ խիզախությամբ ու սխրանքով գրեցին հայ ժողովրդի նորագույն պատմության հերոսական էջերը: Հավե~րժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին:

 

Այս բոլոր տարիների ընթացքում Մայր Հայաստանի եւ Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին մենք կառուցում ու շենացնում ենք բոլորիս համար թանկ ու սիրելի Արցախը, պաշտպանում ենք մեր պապենական հողն ու օջախը, մեր երեխաների ապագան: Մենք ուրիշների իրավունքներին չենք բռնանում, բայց եւ մեր իրավունքները միշտ կպաշտպանենք:

 

Թանկագի՛ն արցախցիներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս պետական կարեւորագույն տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն ու մեծագույն հաջողություններ ազատ ու անկախ Արցախի Հանրապետությանը եւ մեր ողջ ժողովրդին»: