Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ դեկտեմբերի 31-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:


Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, 
Արցախի Հանրապետության թանկագի՛ն քաղաքացիներ,
ահա եւ մենք պատրաստվում ենք հրաժեշտ տալ հին տարուն եւ դիմավորել նոր՝ 2019 թվականը: 
Այս պահին բոլորս, բնականաբար, համակված ենք հուզախառն զգացումներով, լի՝ նոր ու բարի սպասելիքներով: 
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոները մեզ տեղափոխում են մեր մանկության աշխարհը, որտեղ գերիշխում էին սերն ու ջերմությունը, հոգատարությունն ու լավատեսությունը, հույսն ու հավատը, որ անպայման տեղի կունենա իսկական հրաշք եւ կիրականանան նվիրական երազանքներն ու ցանկությունները:
Հոգու խորքում մենք բոլորս ցանկանում ենք, որ մեր ընտանիքի անդամները, հարազատները, բարեկամները, ընկերները լինեն առողջ ու երջանիկ, որ խաղաղություն տիրի աշխարհում, կայուն ու դինամիկ կերպով զարգանա հայրենի երկիրը: 

Դրա հետ մեկտեղ, կազմում ենք ծրագրեր, որոնք պիտի կյանքի կոչենք նոր տարում՝ էլ ավելի ամրապնդելով մեր պետականությունը, պաշտպանունակությունը եւ անվտանգությունը, զարգացնելով տնտեսությունը, բարելավելով մարդկանց կենսապայմանները, բարձրացնելով բնակչության կենսամակարդակը: 
Մենք համատեղ ուժերով կիրականացնենք բոլոր նախատեսված ծրագրերը, միասին ու համախմբված կլուծենք համազգային խնդիրները եւ կտոնենք նոր հաղթանակներ՝ միշտ կուռ պահելով Հայաստան-Արցախ-Սփյուռք անսասան եռամիասնությունը:

Մեր հաջողությունների հիմնական երաշխավորը, առաջին հերթին, մեր հերոսական բանակն է, հայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնած հայ զինվորը: 
Ինչպես միշտ, գալիք տարում եւս առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է լինելու բանակաշինության ոլորտը, եւ արվելու է հնարավորը Պաշտպանության բանակի մարտունակության աստիճանը բարձր պահելու, այդ եւ մյուս բոլոր բնագավառներում հայկական երկու հանրապետությունների համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: 
Այս տոնական օրը ուզում եմ նախ եւ առաջ շնորհավորել զինված ուժերի ողջ անձնակազմին, մաղթել նրանց բարի եւ անփորձանք ծառայություն: 

Ուզում եմ շնորհավորել մեր վետերաններին, հիշել նրանց, ովքեր ֆիզիկապես մեզ հետ չեն: Թող Աստված լուսավորի մեր նահատակների հոգիները: 
Շնորհավորում եմ ձեզ, սիրելի արցախցիներ, ողջ հայ ժողովրդին, մայր Հայաստանի եւ սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին: 
Թող 2019 թվականը մեր հայրենիքի համար լինի խաղաղության, հաղթանակների, նոր հաջողությունների եւ ձեռքբերումների տարի: 
Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք: 
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»։