Այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը, Ազգային ժողովի պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, խոսելով «Ազատ դեմոկրատներ»-ի կողմից ԿԸՀ ներկայացված համամասնական ցուցակի կազմման նկատառումների մասին` ասաց, որ հիմնական նկատառումն այն է, որ ռեսուրսների մեծ մասը պատկանում է «Ազատ դեմոկրատներ»-ին:
Պատգամավորի խոսքով՝ արդեն իսկ գաղտնիք չէ երկրորդ ցուցակի առկայությունը, որտեղ ինքն անձամբ է ցուցակը գլխավորել:
Նշենք, որ ԿԸՀ ներկայացված ցուցակում Հրանտ Բագրատյանը երկրորդ հորիզոնականում է, սակայն այս կուսակցությունը հրապարակել էր մի ցուցակ, որտեղ Բագրատյանն առաջին հորիզոնականում էր, սակայն կարճ ժամանակում այն համացանցից հեռացվել էր:
«Երկրորդ համարը լինելով՝ գլխավորներից մեկն ենք, մենք վատ չենք զգում, որ Խաչատուր Քոքոբելյանն առաջին համարն է»,- ասաց Բագրատյանը:
Խոսելով առաջին տասնյակի մյուս թեկնածուների՝ 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Ստեփան Սաֆարյանի և 4-րդում գտնվող Անահիտ Բախշյանի մասին, Բագրատյանն ասաց, որ ձգտել են՝ տասնյակում հայտնի մարդիկ լինեն:
Բագրատյանը դժվարացավ ընդդիմություն հայտարարած այլ դաշինքներից որևէ մեկին իրենց համար մրցակից համարել՝ կարծելով, որ մրցակիցը միայն իշխող ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն են. «բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են ընդդիմություն, մենք դա այդպես էլ ընդունում ենք, մենք չենք վիճարկում, մենք դատավոր չենք: Մենք ոչ մեկի դեմ չենք խոսելու: Մարդը համարում է՝ ինքն ընդդիմություն է, ուրեմն՝ ընդդիմություն է, վե՛րջ: Ես կարող եմ խոսել միայն իշխող ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի դեմ»,- ասաց Բագրատյանը: