ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը հանդիպումից առաջ, փետրվարի 22-ին արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը բացել են Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, բացելով ցուցահանդեսը՝ ԱԳ նախարար Նալբանդյանն ասել է.

«Հարգելի պարոն Լավրով,
Բարեկամներ,

Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր կազմակերպել են մեր պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված այս ցուցահանդեսը: Այսօր մենք ազդարարում ենք այս քառորդդարյա հոբելյանին նվիրված միջոցառումների մեկնարկը:

Ցուցահանդեսին ներկայացված պատմական փաստաթղթերը տպավորիչ համայնապատկերն են այն ճանապարհի, որը մենք միասին անցել ենք հիշարժան օրվանից՝ 1992թ. ապրիլի 3-ից, երբ բացվեց Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների պատմության նոր էջը: Իհարկե, հայ և ռուսաստանցի ժողովուրդներին կապում են հարյուրամյակների ընթացքում ժամանակի և պատմության փորձությունն անցած բարեկամության ամուր կապեր:

Եվ խաղաղ ժամանակ, և դժվարին փորձությունների տարիներին մենք մշտապես միասին ենք եղել: Եվ այսօր էլ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները երկկողմ համագործակցության օրինակելի մոդել են հանդիսանում, թերևս ամենահաջողվածը և արդյունավետը հետխորհրդային տարածքում:

Հայաստանին և Ռուսաստանին միավորում են դաշնակցային փոխգործակցության հարաբերություններ: Անկարելի է դաշնակից լինել որևէ ոլորտում, իսկ այլ բնագավառներում՝ ոչ: Հարաբերությունների այդ որակը դրսևորվում է միջպետական համագործակցության ողջ ծավալով: Մեր երկկողմ հարաբերություններն առանձնանում են սերտ արտաքին քաղաքական համադրմամբ, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում արդյունավետ համագործակցությամբ, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի ոլորտներում հաջող գործընկերությամբ, տարեցտարի թափ հավաքող ապակենտրոնացված համագործակցութ յամբ, մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում փոխգործակցության հետևողական զարգացմամբ: Ռուսաստանը մեր հիմնական առևտրային գործընկերն է, Հայաստանի տնտեսությունում հիմնական ներդրողը: Մեր երկրում գործում է շուրջ 1400 համատեղ ձեռնարկություն, ստորագրված է ավելի քան 200 երկկողմ փաստաթուղթ:

Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն ամրապնդվում են միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում մեր արդյունավետ համագործակցությամբ, որոնց շարքում ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ մեկտեղ հատուկ կառանձնացնեի ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և, իհարկե, Եվրասիական տնտեսական միությունը:

Ինչպիսի բնույթ էլ կրեն միջպետական հարաբերությունները, դրանք չեն կարող իրապես ամուր լինել, եթե չկա ջերմություն ժողովուրդների, մարդկանց միջև: Այս առումով կցանկանայի հատուկ նշել մեր ժողովուրդներին, հասարակ մարդկանց կապող բարեկամական կապերի, փոխադարձ համակրանքի խորքային բնույթը:

Այսօր մեր համատեղ ջանքերն ուղղված են նրան, որպեսզի, հենվելով այդ ամուր հիմքի վրա, շարունակենք վեր հանել մեր ռազմավարական փոխգործակցության նոր հեռանկարային ուղղությունները՝ այն նոր բովանդակությամբ հարստացնելով:

Սիրելի բարեկամներ,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր նախորդ 25 տարիների ընթացքում ներդրել են և այսօր էլ շարունակում են նշանակալի ներդրում ունենալ այդ վեհ գործում»: