ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները կանոնակարգվել են փոխադարձ ընկալմամբ եւ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների նկատմամբ հարգանքով: Այլ միությունների հետ համագործակցության առումով Հայաստանն ազատ է եւ ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ ՆԱՏՕ-ում մտահոգված չենք: «Հայաստանի հետ լավ երկխոսություն ունենք, լավ համագործակցություն կա պաշտպանության եւ անվտանգության հարցերում: Հայկական զ որքերը մասնակցում են ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին'տարբեր երկրներում. դա ամենամեծ ներդրումն է, որը երկիրը կարող է ունենալ, ինչի համար շնորհակալ ենք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' հուլիսի 9-ին «Անվտանգության նոր մարտահրավերները եւ ՆԱՏՕ-ն» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՆԱՏՕ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի համակարգող Դեսպինա Աֆենտուլին:

 

Անդրադառնալով ՆԱՏՕ-Հայաստան-ՀԱՊԿ եռանկյունուն, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը նշեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ լինելով եւ համագործակցելով ՆԱՏՕ-ի հետ, կարողանում է հանուն իր շահի առավելագույնը քաղել: Նույն տեսակետը հայտնեց նաեւ Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը' ցանկություն հայտնելով, որ Հայաստանը շարունակի նույն քաղաքականությունը եւ լինելով ՀԱՊԿ անդամ' համագործակցի ՆԱՏՕ-ի հետ. «Այս տեսակ կամրջումը բարդ է, ավելի է բարդանում հատկապես ուկրաինական ճգնաժամի ներքո, բայց սա կարելի է դիտարկել, որպես մի արժեքավոր մոդել»:


Երեւանում մեկնարկել է «Անվտանգության նոր մարտահրավերները եւ ՆԱՏՕ-ն» թեմայով քննարկումը, որի նպատակն է ներկայացնել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններն ու համագործակցության նոր ուղիներ եւ մարտահրավերներ վեր հանել: