Տերյան փողոցի բնակիչներն այսօր՝ փետրվարի 23-ին, կրկին կառավարության շենքի դիմաց էին: Նրանք պահանջում են վերանայել 13 տարի առաջ իրենց հետ կնքված պայմանագրերը և փոխհատուցել կորցրած տների դիմաց: Նրանց տների տեղում այսօր Հյուսիսային պողոտան է: Գումարով, որ ստացել են 13 տարի առաջ, բնակիչները չեն կարողացել գնել նոր բնակարաններ և այժմ պայքարում են իրենց չստացած գումարները ստանալու համար:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Տերյան 18 հասցեի նախկին բնակիչը պատմեց, որ 2004 թվականին պետական կարիքների անվան տակ քանդեցին իրենց բնակարանները. «Մեզ ծեծելով, ջարդելով մեր տներից հանեցին դուրս՝ չնչին գումարներով: Հետո պարզվեց, որ քաղաքապետ Զախարյանը 1քմ համար որոշել է տալ 1000 ԱՄՆ դոլար, բայց մեզ տվեցին 300 դոլար: Իմ տան տեղում էլիտար շենք են կառուցել, պետական կարիք կլիներ այն, որ կամուրջ, գործարան, հիմնարկություն կառուցեին: Մեր տների հաշվին բիզնես են անում, հիմա 1քմ վաճառում են 3 000 ԱՄՆ դոլարով, իսկ մեզ տվել էին 300 դոլար: Մենք իրենց տված փողը հետ կտանք, մեր տան տեղը թող տուն տան: Ես ընտիր տուն եմ ունեցել 350քմ, որի համար տվել են 35 000 ԱՄՆ դոլար: Գնում ենք քաղաքապետարան, ասում են՝ «փող չունենք, մենք առաջ քաղաքապետարան էինք, հիմա՝ չգիտեմ ինչ ենք»: Մեր տան փողը ու՞մ գրպանը գնաց, հանե՛ք դրանց գրպանից, տվեք մեզ»: 

 

Բնակիչների խոսքով՝ 13 տարի պայքարում են, բայց ոչ մի արդյունք. «Բոլոր ընտրություններից առաջ ղեկավարությունը խոստանում է լուծել մեր հարցը, սակայն ընտրություններն անցնելուն պես՝ երբ արդեն մեր ձայնը տված ենք լինում իրենց, մոռանում են մեր խնդրի մասին»:

 

Սոնա Հարությունյան