Հայաստանի մարզերում ծավալվող նախընտրական գործընթացները շարունակում են մնալ քաղաքական վերլուծաբանների ուշադրության կենտրոնում: Այստեղ պայքարը ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների միջև որևէ կերպ չի զիջում մայրաքաղաքում ծավալվող «մարտերին»: Հատկապես թեժ իրավիճակ է ձևավորվել Արագածոտնի մարզում, այն է ՝ թիվ 7 ընտրատարածքում: Այստեղ իշխող քաղաքական ուժից առաջադրվելու են ԱԺ պատգամավորներ Արագած Ախոյան, Բազմասեր Առաքելյան, Մնացական Մնացականյան, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյան, նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը՝ Նաիրի Սահակյան, Ռոլանդ Հայրապետյան, Նունե Մովսիսյան:
Արագածոտնի մարզկենտրոնում՝ Աշտարակում, ընտրակազմի լուրջ արսենալը՝ մարդկային ռեսուրսի, հնարավորությունների ու մարզում ունեցած հեղինակության տեսանկյունից գտնվում է Սահակյան եղբայրների ձեռքում: Քանի որ նրանք իրականում մարզում լուրջ խաղացողներ են, եւ հենց նրանց շուրջն է համախմբվել մարզի ակտիվը, եւ ոչ միայն...
Ինչպես տեսնում ենք, այս մարզում ևս ռեյտինգային ընտրակարգը կարող է գլխացավանք դառնալ քաղաքական ուժերի համար: Այս համակարգը մշակվեց այն նպատակով, որ ուզեն, թե չուզեն, դրանով առաջադրվող թեկնածուներն առաջին հերթին աշխատեն իրենց առաջադրած կուսակցության կամ դաշինքի օգտին:
Ենթադրվում էր, որ որքան ընտրատարածքում շատ լինեն ազդեցիկ, այսպես կոչված՝ «ձայն բերող» թեկնածուները, այնքան նրանք միասնաբար, կամա թե ակամա, ավելի շատ կաշխատեն այդ քաղաքական ուժերի համար ձայն բերելու ուղղությամբ: Այս համակարգը իրականում վտանգավոր ընտրակարգ է, քանի որ ներկուսակցական պառակտումների պատճառ է դառնալու և այդ գործընթացը արդեն իսկ նշմարելի է անզեն աչքով: Պարզ օրինակ, Արագածոտնի մարզի պրիզմայի ներքո՝ Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՀԿ Արագածոտնի կառույցի ղեկավար Սարգիս Սահակյանը ցանկանում էր իր եղբորը՝ Նաիրի Սահակյանին, Արագածոտնի մարզից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրել ու դարձնել պատգամավոր։
Նկատենք, որ այդ ընտրատարածքում է առաջադրվել նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մնացական Մնացականյանը, որի հետ, ի դեպ, Սահակյանները լարված հարաբերություններ ունեն: Ու այդ պատճառով, մեծ է հավանականությունը, որ հատկապես Թալինի տարածաշրջանում նրանց մեջ շատ թեժ պայքար կընթանա: Հետևաբար՝ արդյունքում տուժում է թիմային աշխատանքը: Փաստացի՝ գաղափարների և ծրագրերի բախման փոխարեն, կրկին ականատես ենք լինելու անձանց և ամբիցիաների բախմանը: Ինչը, դժվար թե նպաստի մարզում և ողջ հանրապետությունում քաղաքական մշակույթի փոփոխմանը:
Թե ինչ նոր զարգացումներ կլինեն ՀՀ-ի մարզերում, այդ թվում նաեւ Արագածոտնում, ցույց կտա ժամանակը, բայց որ այստեղ իսկապես թեժ պայքար է լինելու՝ արդեն իսկ նշմարվում է…
Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ