Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը չի բացառում, որ ընդդիմությունը իշխանություններին հեռացնելու համար կրկին փողոցային պայքար կսկսի։ Քոչարյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
Անդրադառնալով ընդդիմության պայքարի մասին հարցին՝ Լևոն Քոչարյանը վստահեցրեց, որ ինքը, «Հայաստան» դաշինքը չեն համակերպվել գործող իշխանության, վարչապետի գործողությունների հետ: «Պայքարելու եմ այդ ամեն ինչի դեմ: Հիմա մենք մեր հասարակությանը բացատրելու, ինչ-որ տեղ համոզելու, աչքերը բացելու խնդիր ունենք, որով զբաղված ենք»,-ասաց նա:
Ըստ Քոչարյանի՝ այդ գործունեությունը տարբեր ձևով է ծավալվում՝ մի մասով խորհրդարանում՝ հարցուպատասխանի միջոցով, տարբեր պատգամավորների կողմից ուրիշ հարցեր բարձրաձայնելով, նաև խորհրդարանից դուրս՝ տարատեսակ հանդիպումներով, մարզային այցելություններով: Թե ինչքանով է դա արդյունավետ, ըստ Քոչարյանի, կարող են տարբեր գնահատականներ հնչել:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է նորից փողոցային պայքար սկսեն՝ նա պատասխանեց. «Իհարկե, հնարավոր է»:
Ըստ Քոչարյանի՝ Սահմանադրության փոփոխության հետ կապված իշխանությունը փորձում է հասկանալ տրամադրությունները: «Գոնե անձամբ ինձ համար անընդունելի է այն, ինչ ուզում են անել»,-նշեց նա:
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ընդդիմությունը մի քանի անգամ փողոցային պայքար է սկսել իշխանությանը հեռացնելու նպատակով, սակայն բոլորն անհաջողությամբ են ավարտվել։