Հունվարի 1-ից Հայաստանում գազի գինը նվազել է։ Թեպետ այդ նվազումը շատ բաժանորդներ չեն զգում։ Փաստացի՝ գազի 1 խմ-ի գինը սոցիալապես անապահով ընտանիքների համար նվազել է 46.7 դրամով՝ դառնալով 100 դրամ, մյուսների համար նվազել է մոտ 8 դրամով՝ 146-ից դառնալով 139 դրամ։ 10 հազար խմ-ից ավելի սպառողները եւս կվճարեն մոտ 8 դրամ պակաս՝ մոտավորապես 115 դրամ։

 

Ջերմոցային տնտեսություններն ու վերամշակող ձեռնարկությունները գազի համար կվճարեն մոտ 100 դրամ։ Առաջին հայացքից տպավորիչ ակցիա է՝ ամբողջ 8 դրամով նվազել է գազի գինը, բայց արի ու տես, որ այդ էժանացումը ՀՀ շարքային սպառողն այդպես էլ իր մաշկի վրա չի զգում։ Տրամաբանական է,  որ եթե գազի գինը նվազում է, ուրեմն պետք է նախորդ տարվա համեմատ այս տարվա նույն ամիսներին նույն քանակությամբ սպառած գազի համար բաժանորդը վճարի ավելի պակաս, քան վճարել է։
Սակայն արի ու տես , որ սպառողների ավելի քան 90 տոկոսի մոտ հունվար ամսվա գումարն ավելի շատ կազմեց, քան դեկտեմբերին։


Մեր երկրում տարբեր փորձագետների կողմից տարբեր ժամանակահատվածներում գազի հետ կապված միշտ եղել է հետևյալ թեզը, որ իրականում գազի սակագին ասվածը որոշակի իմաստով միֆ է։ Գազի սակագինը պետությունն է որոշում, և երբևէ դրա փոփոխությունը տեսանելի չի լինի սպառողի կողմից, եթե պետությունը չցանկանա։ Սա մեկնաբանվում է նրանով, որ ընդամենը կարող է փոխվել գազի կալորիականությունը և, օրինակ, եթե սուրճը եփելու էինք 10 րոպեի ընթացքում, եփենք 12 րոպեում, և ստացվի, որ սակագնի 5 տոկոս նվազեցման դեպում 10 տոկոսով ավելանա համապատասխան սպառման ծավալը:

 

Ստեղծված իրավիճակը շտկելու լավագույն ելքն օրերս առաջարկեց «Ծառուկյան» դաշինքը, որի առաջնահերթ քայլերից մեկը ենթադրում է Էապես իջեցնել գազի գործող սակագինը, քանի որ սահմանին 1000 խմ գազը ՀՀ-ն ստանում է 150 ԱՄՆ դոլարով, իսկ վերջնական սպառողին, այդ թվում՝ բնակչությանը, այն հասնում է առնվազն երկու անգամ բարձր գնով: Ինչպես ցույց է տալիս իրականությունը, սպառողները իրենց մաշկի վրա չեն զգում գազի սակագնի նվազեցումը:


Մինչդեռ «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջարկված լուծումը ենթադրում է առաջին հերթին ռեալ և արդյունավետ կերպով սոցիալական բեռի իջեցում, բխում է առաջին հերթին սպառողների կենսական շահերից: Հայաստանը գազը սահմանի վրա ՌԴ-ից գնում է 150 դոլարով: Գազը ՀՀ սահման է մատակարարվում հազարավոր կիլոմետրեր, բայց արի ու տես, որ այս 300 կմ երկարություն ունեցող երկրում, մինչև այն հասնում է սպառողին, կրկնակի անգամ թանկանում է, և դրան որևէ տրամաբանական և տնտեսագիտական բացատրություն տալը անհնար է:


Փոփոխությունների համար պարզապես անհրաժեշտ է քաղաքական կամք…

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ