Գաղտնիք չէ,որ ի տարբերություն շատ ու շատ երկրների ու, մասնավորապես, հենց մեր հարևան պետությունների, Հայաստանի հիմնական ռեսուրսը մարդն է. այսպես եղել է միշտ, այսպես էլ շարունակվում է: Չնայած ոմանք հակված են այս իրողությունը համարել ոչ այնքան լավ օրից բխած փաստ, սակայն, երբ փորձում ես մեր ունեցած մարդկային հսկայական պոտենցիալը գնահատել անաչառ դիրքերից, երբ փորձում ես հասկանալ աշխարհում նկատվող տենդենցներն ու 21-րդ դարի հիմնական տրամաբանությունը, հասկանում ես, որ իրականում մեր ունեցածը շատ ավելին է, քան նավթն ու գազը. 21-րդ դարի աշխարհում ամենաթանկ գնահատվող կապիտալը, հենց մարդկայինն է, իսկ ամենագնահատելին գիտելիքը՝ իրողություն, որ հիմնավորապես փոխում է ուժեղ լինելու մասին մարդկանց ունեցած պատկերացումները:
Իսկ ինչ է ասել մարդկային կապիտալ: Դա, ըստ էության, գիտությունն է, կրթությունն, իսկ ավելի ճիշտ՝ ուսյալ քաղաքացին, ում արտադրած բարիքն ու տված օգուտը շատ ավելին է, քան ասենք նույն բնական հանածոներինը: Ապացույցներ՝ որքան ասես, փաստարկներ, ինչքան ուզես: Այս առումով, պետք է նկատել, հայերս երբեք խնդիր չենք ունեցել. աշխարհում բոլորն էլ տեղյակ են մեր մտավոր կարողությունների, մեր մտավոր ներուժի մասին, ու քիչ չեն այն հայտնի հայերը, որոնք սեփական մտքի ուժով աշխարհ են փոխել, հանդիսացել մարդկային հասարակության առջընթացի ռահվիրաներ:
Այսօր, երբ Հայաստանը կանգնած է բազում մարտահրավերների առաջ, երբ ապագայի խնդիրն է բոլորիս առջև հառել մարդկային կապիտալի դերն ու նշանակությունը մեզանում առավել մեծ սրությամբ է ծառացել, ու այժմ խնդիր ունենք՝ մաքսիմալ օպտիմալ կերպով տնօրինելու այն մարդկային ռեսուսները, որ կան երկրում, որ դեռ մնացել են: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ կարևորագույն գերխնդիրն այսօր կրթության, գիտության զարգացումն է, դրանց առաջընթացն անկասելի դարձնելը: Ստացվել է այնպես, սակայն, որ, միգուցե պայմանավորված մի շարք սուբյեկտիվ, ինչու չէ նաև օբյեկտիվ հանգամանքներով, այսօր ոչ բոլորն են կարողանում պատշաճ կերպով կրթություն ստանալ. Հայաստանում բարձրագույն կրթությունը վաղուց վճարովի է դարձել, ինչը նշանակում է, որ եթե երիտասարդը չունի բավարար դրամական միջոցներ՝ վճարելու սեփական ուսման համար, ապա ստիված է համակերպվել այն մտքի հետ, որ երբեք մտավորկանության շարքին չի դասվելու, երբեք մտավոր աշխատանքով չի վաստակելու սեփական հացն ու դատապարտված է լինելու սևագործության նույնիսկ այն պարագայում, եթե ունեցած մտավոր ներուժն անսահմանափակ է, եթե նույնիսկ բարձր առաջադիմությամբ է սովորում:
ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ «Ծառուկյան» դաշինքի ցուցակի շնորհանդեսին հնչեցրած ծրագրային ելույթի կետերից մեկն էլ, ինչպես հայտնի է, վերաբերում էր կրթությանն ու, մասնավորապես, ուսման վարձերի պատճառով բուհերից դուրս մնացած երիտասարդությանը: Պետք է նկատել, որ Մելքումյանի առաջ քաշած թեզն այն մասին, որ վարձավճարները մուծել չկարողանալու պատճառով բուհերից դուրս մնացածներ պետք է չլինեն, բխում էր Գագիկ Ծառուկյանի կողմից մշտապես արծարծված խնդրի տրամաբանությունից. վերջինս, ինչպես հայտնի է, ոչ միայն շարունակ բարձրաձայնել է այս խնդիրն, այլև բազմիցս է փորձել հարցին ինչ-որ կերպ լուծում տալ՝ սեփական միջոցներից վճարելով առաջադեմ սովորող, բայց սոցիալապես տկար վիճակում գտնվող ուսանողների վարձավճարները:
Փաստ է՝ 21-րդ դարում հաջողության է հասնելու այն ժողովուրդը, ձեռբերումներ են ունենալու այն ազգերն, որոնք կզգան ժամանակի շունչն ու կբռնեն ժամանակի տամարը. այդ տամարներից մեկն էլ, անխոս, գիտությունն է այսօր հանդիսանում: Լիովին չօգտագործել մեր տաղանդավոր զավակների մտավոր ներուժն ու վատնել մտավոր պոտենցիալը, իրավասու չէ ոչ ոք. չմոռանանք, որ գիտակրթական բնագավառը մի ոլորտ է, ուր կատարված ներդրումներն երբեք հօդս չեն ցնդում ու հարյուրապատիկ ավել արդյունք են տալիս. ներդրումներ կատարելով հիմա, մենք վաղվա մեր ապագան ենք կառուցում:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ