«Ժամանակ» թերթը գրում է.
«2018 թվականի բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումների ընթացքում «Ծառուկյան» դաշինքը սկսեց աստիճանաբար բավական նկատելիորեն դիրքավորվել ավելի ու ավելի սուր քննադատության եւ ընդդիմախոսության դիրքերում: Պետք է ենթադրել, որ այդ սրությունն առավել ընդգծված կդրսեւորվի, երբ բյուջեն քննարկվի արդեն լիագումար նիստերի ընթացքում:
Նոր կառավարության ձեւավորումից հետո, նաեւ խորհրդարանի ընտրության շրջանում Գագիկ Ծառուկյանն ու նրա դաշինքը կառավարության հանդեպ գտնվում էին հարաբերական լոյալության տիրույթում: Վերջին ամիսներին նկատելի է, որ լոյալությունը խախտվում է: Մի կողմից՝ իհարկե, այդ հանգամանքը կարող է ունենալ պարզ, տրամաբանական բացատրություն՝ կառավարության գործունեության արդյունքը այլեւս ակնառու է դարձնում, որ հաջողության սպասումով տրված ամենատրամաբանական քարտ-բլանշն անգամ ենթակա է սպառման:
Մյուս կողմից՝ ակնհայտ էր նաեւ, որ սպառման վտանգի առաջ էր «Ծառուկյան» դաշինքն ինքնին, այն իմաստով, որ դաշինքն այլեւս ժամանակ էր սպառում՝ իր քաղաքական հեռանկարի կամ ապագայի մասին մտածելու ժամանակը:
Բանն այն է, որ ըստ էության 2017 թվականի ընտրությանն ընդառաջ Գագիկ Ծառուկյանի ներքո հապճեպ ձեւավորված դաշինքը իր այդ տեսքով գործնականում պիտանի չէ երկրորդ անգամ խորհրդարանի ընտրության համար կենսունակ կամ մրցունակ լինելու: Մյուս կողմից՝ իհարկե, բավական դժվար է պատկերացնել կամ հասկանալ, թե դաշինքը մրցունակության համար հատկապես ինչպիսի՞ տրանսֆորմացիայի պետք է ենթարկվի, որպեսզի հավակնի որեւէ կերպ 2022-ի խորհրդարանի ընտրությանը մասնակցելու եւ քաղաքական արեւի տակ տեղը պահելու համար:
Տեսականորեն պետք չէ բացառել, իհարկե, որ թե՛ Ծառուկյանին, թե՛ նաեւ իշխող մեծամասնությանը անհրաժեշտ չեն լինի Ծառուկյանի մասնակցությունը քաղաքական, ընտրական գործընթացին, վակուումը փակելու կամ անվտանգության բուֆերի նրա դերակատարումը: Սակայն, դատելով իրադարձությունների զարգացման տրամաբանությունից, գործնականում դա քիչ հավանական հեռանկար է: Մյուս կողմից՝ իշխանության ներսում առկա անորոշությունը «Ծառուկյան» դաշինքի համար բավական բարդ է դարձնում տրանսֆորմացիայի, այսպես ասած, բովանդակային ուղենիշների ընտրությունը: Այլ կերպ ասած՝ ինչպիսի՞ առաջնահերթություն պետք է դիտարկի դաշինքը, ի՞նչ թիրախային կետեր պետք է դիտարկի՝ կենսունակ, մրցունակ եւ միաժամանակ նաեւ ներքին ու արտաքին քաղաքական պրոցեսներում, այսպես ասած, պահանջված մնալու համար:
Այդ իրավիճակում նվազագույն մեկնարկային անելիքը կառավարության հանդեպ, այսպես ասած, ընդգծված ընդդիմադիր կարգավիճակի կամ դիրքորոշման դրսեւորումն է՝ որպես առաջին քայլ, ինչն, իհարկե, անհրաժեշտ է, սակայն ամենեւին ոչ բավարար:
Մյուս կողմից՝ այստեղ իհարկե հետաքրքիր է այն հանգամանքը, որ «Ծառուկյան» դաշինքի այս տրանսֆորմացիային զուգահեռ՝ հետաքրքիր զարգացում է տեղի ունենում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարգավիճակում, որը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, թե Բակո Սահակյանի հրավերով եղել է Արցախում, այցելել Ծիծեռնավանք: Թե ի՞նչ կարող է նշանակել այդ հրավերն ու այցը՝ դժվար է ասել: Համենայնդեպս, հատկանշական է, որ Աբրահամյանը, այսպես ասած, հրապարակայնացնում է այդ այցը՝ լավ պատկերացնելով, որ այն կտա բավականին տարբեր վերլուծությունների եւ դիտարկումների ինֆորմացիոն առիթ: Հազիվ թե այդ հանգամանքը չպատկերացներ նաեւ Բակո Սահակյանը, որը երեւի թե զուտ Հովիկ Աբրահամյանին այդ հնարավորությունը տալու համար հազիվ թե ստանձներ «մեխանիկական հրավիրողի» դեր:
Ակնհայտ է, որ տրանսֆորմացիոն եւ դերային փնտրտուքի մեջ է նաեւ Աբրահամյանը, եւ այդ իրավիճակում թերեւս ծագում է հետաքրքիր հարց՝ այդ փնտրտուքի մեջ կարո՞ղ են ինչ-որ պահի իրար գտնել Աբրահամյանն ու «Ծառուկյան» դաշինքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում