Հայաստանի խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն անցյալ շաբաթ պաշտոնական հայտարարություն է արել սահմանադրական փոփոխությունների նախագիծ պատրաստելու մասին: Նա ասել է, որ ի թիվս այլ փոփոխությունների՝ քննարկվում է խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու հարցը:

 

Մի քանի օր անց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն Արմավիրում հայտարարել է, թե Դավիթ Հարությունյանին ճիշտ չեն հասկացել: Նա ասել է, որ նման քննարկումներ խորհրդարանում չեն անցկացվել, իսկ Դավիթ Հարությունյանի հայտարարությունն արվել է այլ համատեքստում: Նրա կարծիքով, ներկայիս կիսախորհրդարանական մոդելը բավական նորմալ աշխատում է:

 

Հովիկ Աբրահամյանը, ճիշտ է, չի բացառել, որ հարցը քննարկվելու է: Սակայն նրա հայտարարությունը նշանակում է, որ նա այնքան էլ չի աջակցում կառավարման խորհրդարանական ձեւին անցնելու մտադրությանը եւ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հնարավորությանը:
Դավիթ Հարությունյանը դժվար թե իր սենսացիոն հայտարարությունն ինքնագլուխ աներ: Այն ամենայն հավանականությամբ համաձայնեցված էր, սակայն ոչ Հովիկ Աբրահամյանի հետ, ում տեղյակ չէին պահել ապագա ծրագրերին:

 

Հայաստանի քաղաքական ուժերն այս հարցում հայտնվել են բավական երկիմաստ իրավիճակում: Բանն այն է, որ խորհրդարանի վերջին ընտրությանը նրանք հայտարարում էին կառավարման խորհրդարանական մոդելին անցնելու անհրաժեշտության մասին: Ներկայում նրանցից ոմանք հայտարարում են, որ այս մտադրությունն ուղղված է Սերժ Սարգսյանի ինքնապահպանմանը: Սակայն նրանք չեն հայտարարել՝ արդյոք քվեարկելու են սահմանադրական փոփոխությունների դեմ:

 

Հովիկ Աբրահամյանն ասում է, թե ներկայիս կառավարման համակարգն էլ վատ չէ: Բայց չէ՞ որ ստանձնելով ԱԺ նախագահի պաշտոնը, նա խոստացել էր բարձրացնել խորհրդարանի դերը: Երեւում է, նա հասկանում է, որ խորհրդարանի նոր դերի պայմաններում ինքը կարող է կորցնել իր դերը: Բացի այդ, հօդս է ցնդում վարչապետ դառնալու նրա վաղեմի երազանքը: 

 

 

Աղբյուրը` www.lragir.am