Մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն իր շրջապատում հայտարարում է, թե ինքը Կոտայքի մարզպետի հաջորդ և հավանական թեկնածուն է: Տեղեկություններ կան, որ Ա. Դանիելյանի մարզպետական հույսերը կապված են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի բարեհաճության հետ:
Հետաքրքիր է, որ Արգամիչը շարունակում է աջ ու ձախ պաշտոններ խոստանալու «աստվածահաճո» առաքելությունը: Հետաքրքիր դրվագ կա` կապված նրա վարչապետական հավակնությունների շրջանում պաշտոններ բաժանելու մոլուցքի հետ: Մասնավորապես, մեր տեղեկություններով` Վարդան Այվազյանին խոստացել էր, որ կրկին կբազմի բնապահպանության նախարարի աթոռին: Նախարարական ախորժակից անմասն չի մնացել նաև ծագումով հեռավոր Լոռու մարզից, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը, ում հանդեպ ևս Հովիկ Արգամիչը շռայլ է գտնվել` խոստանալով նախարարի պաշտոն: Իհարկե, «աշխարհաքաղաքական դավադրությունների» կամ այլ գործոնների արդյունքում ԱԺ նախագահի ախորժակը մնաց ելման դիրքերում, միջին տարիքի և երիտասարդ ՀՀԿ-ականներն էլ մնացին թախծոտ հայացքով այդ պաշտոններին սպասելիս, բայց ԱԺ նախագահի` պաշտոններ բաժանելու մոլուցքը դրանից չմարեց: Այժմ էլ փորձում է «խնամու մարզում» նշանակել իր թեկնածուին` դրանից բխող բոլոր հետևանքներով...