Կոալիցիոն գործընկերներ ՀՅԴ-ն և իշխող հանրապետական կուսակցությունը կքննարկեն «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու հարցը, եթե դաշինքը նման հարց ներկայացնի: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք միշտ պատրաստ ենք որևէ քաղաքական ուժի հետ համագործակցել՝ կլինի դա կոալիցիոն, թե մեկ այլ ձևաչափում: Ես հիմա չեմ կարող ասել, թե ինչ կլինի ապագայում, կգա օրը կտեսնենք: Եթե «Ծառուկյան» դաշինքը նման հայտ ներկայացնի, կոալիցիան կքննարկի: Մենք որևէ մեկի հետ հարաբերվելու տաբու չունենք: Մենք մեր երկրում թշնամիներ չունենք, այլ ունենք հնարավոր գործընկերներ և կարող ենք ունենալ գաղափարական հակառակորդներ: Եթե որևէ դաշտից մեր գաղափարները և մոտեցումները կպաշտպանեն, մենք այսօր էլ պատրաստ ենք համագործակցել նրանց հետ»,-նշեց Ռուստամյանը:
Հարցին՝ թե ո՞ր դեպքում ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան կարող է փոփոխության ենթարկվել, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Միակ տարբերակը որ փոփոխության ենթարկվի, կլինի այն պարագայում, երբ կվերանան այն նպատակները և հիմքերը, որոնց համար մենք ստորագրել ենք համագործակցության հուշագիրը: Եթե կողմերից մեկը ասի, որ այդ նպատակները արդեն իր համար հիմք չեն, այդ պարագայում կոալիցիան կփոխվի: Հիմա նույն տրամաբանությունը պետք է գործի նաև այն դեպքում, եթե մեզ ցանկանան միանալ այլ քաղաքական ուժեր: Եթե նրանք կընդունեն մեր գաղափարները, մոտեցումներն ու նպատակները, մենք պատրաստ կլինենք համագործակցել»: