Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն, անդրադառնալով երեկ ՀՅԴ-ական Անդրանիկ Կարապետյանի խայտառակ ելույթին՝ նշեց, որ նա պարզապես մտքերը ճիշտ չի ձևակերպել և այլ բան է ստացվել:
«Երևի մտքերն էնպես ձևակերպեց, ուրիշ բան ստացվեց»,- քմծիծաղով ասաց Ռուստամյանը՝ նշելով, որ Անդրանիկ Կարապետյանն իր հետ զրուցելիս էլ ասել է, որ այլ բան էր ուզում ասել:
Նա նշեց՝ իրենք իրականում կողմ են եղել այդ օրենքին. «Ազդարարների մեխանիզմը նոր է գործադրվում Հայաստանում, մտահոգությունն այն է, որ ի չարս չօգտագործվի, չծայրահեղացվի և, այսպես ասած, «կլյաուզնիկների» գործընթացը չխրախուսվի»,- նշեց պատգամավորը:
«Ուրիշ տպավորություն առաջացավ, գործընկերները քննադատեցին, թե չէ՝ ստեղ գործ տալու հարցը չի: Եթե իրականում հանցանք կա, որը նկատել, տեսել են, պարտավոր են ասել, ոչ թե հանցագործ աշխարհին բնորոշ բաներով թաքցնեն, կոծկեն, որ հանկարծ որևէ մեկի համար քրեական հետապնդում չառաջացնեն»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը՝ ավելացնելով, որ Անդրանիկ Կարապետյանն էլ իրենց հետ՝ կողմ է եղել օրենքի նախագծին, իրենց ներկայացուցիչն է եղել հանձնաժողովում և կողմ են քվեարկել:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում քննարկման էր դրվել Կառավարության և Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած համատեղ օրենքի նախագծերի փաթեթը, որն, ըստ հեղինակների, հակակոռուպցիոն պայքարի ճկուն մեխանիզմ է դառնալու:
Սոնա Հարությունյան