Վերջին շրջանում մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ծեծկռտուք է տեղի ունեցել Երևան քաղաքի ավագանու նախկին անդամ Արմեն Ամիրյանի և ԱԺ ԲՀԿ–ական պատգամավոր Վահան Կարապետյանի միջև։ Լուրը ճշտելու նպատակով Lurer.com-ը զրուցել է Արմեն Ամիրյանի հետ:
- Պարո՛ն Ամիրյան, մամուլում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ միջադեպ է եղել ձեր և ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանի միջև: Այդ լուրը համապատասխանո՞ւմ է իրականությանը:
- Ճիշտն ասած, չեմ հիշում, որ իմ և ձեր նշած անձի միջև որևէ միջադեպ տեղի ունեցած լինի։
- Իսկ հնարավո՞ր է՝ եղել է, դուք չեք հիշում։
- Երբեք չեմ դժգոհել իմ հիշողությունից և կյանքում իմ անցած ճանապարհին միջադեպեր ունեցել եմ ինձ «հավասար» մարդկանց հետ, ում հետ հետագայում ընկերացել ենք։
- Այսինքն՝ իրականությանը չե՞ն համապատասխանում այն լուրերը, որ դուք «ձեռք եք բարձրացրել» ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Կարապետյանի վրա, կամ հակառակը։
- Աղջի՛կ ջան, եթե դուք ծանոթ լինեիք իմ անցած ուղուն, դուք կհասկանայիք, որ հարցն անիմաստ է։ Ես, լինելով արցախյան ազատամարտի մասնակից, սովոր եմ «ձեռք բարձրացնել» միայն թշնամիների վրա և ոչ մի իրավիճակում ինձ թույլ չեմ տվել հարվածել իմ հայրենակցին, թեկուզ և' ամենաճղճիմ։ Իսկ ինչ վերաբերում է ծեծկռտուքին, ապա այն չէր կարող լինել մի պարզ պատճառով. Վահանի նմաններն իրենց ողջ կյանքում ունակ են միայն մարդ վնասազերծելու:
- Դուք' որպես արցախյան գոյամարտի մասնակից, ինչպե՞ս կմեկնաբանեք ազատամարտիկ Շանթ Հարությունյանի գործողությունները:
- Գիտեք ինչ, ես արկածախնդրության կողմնակից չեմ, և կարծում եմ' եթե նրանց պետքա դատեն, թող այդ տեսանկյունից նայեն, ոչ թե հեղափոխություն, հարձակում ոստիկանության վրա, չգիտեմ ինչ: Խի այսօրվա ոստիկանության աշխատակցի վրա հարձակվել կլինի՞: Հիմա 1990-ականների սկզբները չի, որ ՆԳՆ աշխատակիցների կեսը մեր հետ կռվում էր, իսկ մյուս կեսը' աչք փակում շատ բաների վրա, և դա էր պատճառը, միգուցե, որ ոչ մի գողություն, ոչ մի ապօրինություն տեղի չէր ունենում, ինչը պատիվ էր բերում մեր ազգին: Իսկ թե ինչն է դրդել Շանթին անել այդ քայլը, ճիշտ կլինի' իրեն հարցնեք. երևի թե այդ մարդն ունի դրա հիմնավորումը:
- Իսկ ի՞նչ կասեք ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության մասին:
- Իմ կարծիքով' ոչ մի հակամարտություն էլ չկա. երկուսն էլ իրենց գործն են անում: Ահա թե ինչպես են կատարում իրենց աշխատանքը, ժողովուրդը պետք ա գնահատի: Իհարկե, լավ կլինի, որ գերազանց գնահատական տա, քանի որ դա կբխի թե´ ՀՀԿ-ի, թե´ ԲՀԿ-ի և թե´ ժողովրդի շահերից: Այսքանը կարող եմ ասել:
- Լավ, շնորհակալությո´ւն:
- Խնդրեմ, աղջի´կ ջան: