ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Գևորգ Պետրոսյանի և Միքայել Մելքումյանի ներկայացրած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց՝ նախագծով առաջարկվում է տեսաձայնագրել մեղադրյալի հարցաքննությունը:
«Գաղափարը հասկանալի է, և մենք կարծում ենք, որ այդ ուղղությամբ պետք է շարժվենք: Սակայն օրենքում անհրաժեշտ է կարգավորել բազում հարցեր, որոնք ընդհանրապես կարգավորված չեն, և եթե դրանք կարգավորված չեն, այս ձևով օրենքի ընդունումն ավելի շատ վնաս կբերի, քան թե օգուտ»,- ասաց Հարությունյանը և նշեց, որ տեսաձայնագրումը չի կարող լինել առանց մեղադրյալի համաձայնությունը ստանալու, պետք է տեխնիկապես ապահովված լինի, սահմանվի`թղթային արձանագրությունը պահպանվելու է, թե ոչ:
«Մի շարք այլ հարցեր կան, թե երբ պետք է ինստիտուտը ներդրվի, ինչպիսի ուսուցում պետք է անցնեն անձինք և այլն: Բոլոր երկրները, որ գնացել են այս ճանապարհով, այդ հարցերին պատասխան տվել են: Այս տեսանկյունից, կարծում եմ, այս օրենքը ընդունելի չէ», -ասաց նա: