Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազություն է դիմել Վանաձոր քաղաքի Զաքարյան 8 շենքի բնակիչ Մագդալինա Դադյանը և հայտնել, որ իր եղբայրը՝ Արսեն Դադյանը, Նորք Մարաշ բժշկական կենտրոնում մահացել է։
Քույրը եղբոր մահվան մեջ մեղադրում է բուժանձնակազմի աշխատակիցներին, ովքեր իրենց մասնագիտական պարտականությունները կատարել են ոչ պատշաճ և դրսևորել անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետևանքով էլ եղբայրը մահացել է։
Մեկնաբանություն ստանալու համար ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Նորք Մարաշ ԲԿ-ի տնօրեն Լիդա Մուրադյանի հետ: Նա փոխանցեց, որ մահացած Արսեն Դադյանը 66 տարեկան էր և իրենց մոտ է տեղափոխվել սրտի խրոնիկ անբարարության ախտանիշով, քաշի մեծ կորստով՝ 50 կգ, «կարծես կմախք լիներ»:
Դեկտեմբերի 28-ին վիրահատություն է կատարվել, սակայն դրական արդյունքի հասնելու շանսերը գնահատվել է 50/50. «Այնպիսի վիճակում էր՝ եթե չվիրահատվեր էլ, կարող է մահանար: Հարազատները սկզբում չէին ուզում վիրահատել, հետո իրենց ցանկությամբ վիրահատեցինք, քանի որ, գուցե դրական արդյունք ունենայինք»,- ասաց նա, ավելացնելով՝ թեև սրտի վիրահատությունը առանց բարդությունների չի լինում, սակայն վիրաբուժական մոտեցման ոչ մի թերացում չի եղել:
Տնօրենը նշեց, որ հիվանդը մահացել է հունվարի 4-5-ը: Վիրահատարանից դուրս է եկել սրտամկանը կծկող լրացուցիչ ապարատով, քանի որ, խրոնիկական է եղել նրա մոտ:
Տնօրենի հավաստմամբ՝ հիվանդատիրոջ հիմնական նպատակը գումարի մնացած մասը չվճարելն է, քանի որ ֆինանսապես անապահով են. «Մի կին էր գալիս նրա հետ (խմբ.՝ ըստ երևույթին մահացածի քուրն է եղել, ով էլ դիմել է ոստիկանություն): Մահվան դեպքից հետո եկել, ասել է՝ «դե, որ մահացավ, գումարը հետ տվեք»: Պայմանագրով գրված է, որ եթե հիվանդը մահանում է վիրահատությունից հետո 1 ամսում, և վճարել է 100 տոկոս, մենք ետ ենք վերադարձնում 25 տոկոսը: Այսինքն՝ աշխատողների աշխատավարձը չենք վերցնում, բայց մնացածը նյութական ծախսն է: Հիմա նա 4 մլն դրամից ավել վճարելու փոխարեն՝ վճարել է 2 մլն: Մենք իրեն ասել ենք, որ այս դեպքում չենք կարող տալ, քանի որ ընդհանուր արժեքի 40 տոկոսն է վճարել: Մենք պայմանավորվել ենք, ասել ենք բարդությունների մասին, ստորագրել և համաձայնություն է տվել, մենք էլ վիրահատել ենք, քանի որ միևնույն է մահանալու էր: Վիրահատեցինք՝ մտածելով, որ հնարավոր է՝ որևէ դրական փոփոխություն լինի»:
Ըստ Լիդա Մուրադյանի՝ ձևավորված արատը տարիների պատմություն ուներ՝ «վատ կյանքով ապրած, ալկոհոլիկ էր»:
Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը ԼՈւՐԵՐ.com-ին տեղեկացրեց, որ դիմումը ստացել են և գործի առնչությամբ ոստիկանության Երևանի կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Սոնա Հարությունյան