Երեկ երեկոյան հակառակորդը կրկին կրակ է բացել Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ուղղությամբ: Ինչպես ԼՈւՐԵՐ.com-ին տեղեկացրեց համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը, այս պահին իրավիճակը հանգիստ է: Նրա խոսքով՝ երեկոյան՝ 23:00-ի կողմերը կրակոցներ են եղել գյուղի տների ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, տուժածներ չկան: «Կրակոցներ եղել են նաև դիրքերի ուղղությամբ: Այս պահին նորմալ է, հանգիստ է, լավ ենք, հաճելի գարնանային եղանակ է, արև ու տաք, մարդիկ իրենց առօրյա աշխատանքներով են զբաղված»,- փոխանցեց Սահակյանը:
Ի դեպ՝ փետրվարի 25-ին ևս ադրբեջանական կողմը կրակոցներ էր արձակել գյուղի ուղղությամբ, եղել են միջդիրքային կրակոցներ, ինչպես նաև կրակոցներ են եղել գյուղի արոտավայրերի ուղղությամբ: Հակառակորդի գնդակից Բաղանիսի բնակիչ Արշավիր Ավագյանի կովերից մեկը սատկել է, ևս մեկը՝ վիրավորվել:
Արցախի և Ադրբեջանի սահմանին փետրվարի 26-ին և լույս 27-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 85 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1150 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է համապատասխանաբար 9 և 27 արկ:
Նշենք, որ համանախագահները կոչ են արել կողմերին՝ ավելի վաղ շփման գծին մոտեցված ծանր ռազմական տեխնիկան պահել ներկա դիրքերում և թույլ տալ վերցնել մահացածների մարմինները: