Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակչի ուղղությամբ կրակելու մասին Արցախի ոստիկանության հաղորդագրությունը:
Ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքում հրապարակվել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղեկագիրը, որում նշվում է, որ նոյեմբերի 12-ին, ժամը 15:30-ին ադրբեջանական դիրքից հրաձգային զենքից կրակ է արձակվել տեղի բնակչի ուղղությամբ, որը գյուղատնտեսական տեխնիկայով հողային աշխատանքներ է իրականացրել Խրամորթ բնակավայրից 1.8 կիլոմետր արևելք ընկած հատվածում:
Նշվում է, որ կրակի հետևանքով բնակիչը թեթև վիրավորվել է, իսկ նրա տեխնիկան՝ կրել աննշան վնաս:
«Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն ադրբեջանական կողմի հետ հետաքննություն է անցկացնում փաստի առթիվ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նոյեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաներում, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Խրամորթ գյուղի վարչական տարածքում ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ:
Դեպքի վայր մեկնած շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում, Խրամորթ գյուղի բնակիչներ' 27-ամյա Ս.Վանյանը և 45-ամյա Ա. Հայրապետյանը նշված գյուղի վարչական տարածքի «100 հեկտար» կոչվող տեղանքում, «Տ-150» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, մերձակա տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից նրանց ուղղությամբ կրակ է արձակվել։
Կրակոցներից ջարդվել է տրակտորի դիմային և հետևի հողմապակիները։ Ջարդված դիմապակու կտորները դիպչել են Ա. Հայրապետյանի դեմքին'պատճառելով մարմնական վնասվածքներ: Վերջինս տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։