ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել գողության փորձի համար ազատազրկման դատապարտված, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ Արմեն Ղ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ հիշյալ հանցանքն իրեն անհիմն է վերագրվել և 16.12.2016թ.–ին դատապարտվել է պաշտոնատար անձանց կողմից կատարված անօրինական գործողությունների հետևանքով:
Մասնավորապես, հաղորդման համաձայն, Արմեն Ղ.-ն 2014թ.-ի ապրիլին, երկու պարկ ոսկու հանքանյութ ձեռք բերելու նպատակով, ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակից Սիմոն Ս.-ի թույլտվությամբ և գիտությամբ՝ գնացել է Սոթքի ոսկու հանքավայր, որտեղ, սակայն, բռնվել է հանքի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվել ոստիկանություն: Այնտեղ ոստիկան Սիմոն Ս.-ն Արմեն Ղ.-ին խնդրել է որևէ ցուցմունք չտալ հանքանյութ բերելու վերաբերյալ իր հետ ձեռք բերած պայմանավորվածության մասին, փոխարենը խոստացել է կարճել քրեական գործով վարույթը' ոստիկանությունում հանքանյութը փոխարինելով հողով լցված երկու այլ պարկերով: Արմեն Ղ.-ն այդ մասին տեղեկացրել է իր վերաբերյալ գործը քննող' ՀՀ քննչական կոմիտեի երեք քննիչներին և որևէ ցուցմունք չի տվել ոստիկանի մասին, սակայն արդյունքում գործը չի կարճվել, իսկ Արմեն Ղ.-ն դատապարտվել է ազատազրկման:
Այսպիսով, ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: