Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Ըստ տեղեկությունների՝ ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնում ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Էդգար Խաչատրյանը: Վերջինս ծեծից հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն և դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ: Ըստ աղբյուրի՝ ոստիկանների ցասման պատճառը եղել է Էդգար Խաչատրյանի՝ ոստիկանության լեյտենանտին անձնական բնույթի նամակներ գրելը: Կին լեյտենանտը, ըստ երևույթին, դիմել է գործընկերներին և խնդրել սաստել իրեն անհանգստացնող երիտասարդին: Արդյունքում՝ երիտասարդը հայտնվել է հիվանդանոցում:
Տեղեկությունների հավաստիությունը պարզելու համար՝ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցը զրուցեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանի հետ. «Այո, նման բովանդակությամբ ահազանգ ունենք, որ Գորիսի բաժնում միջադեպ է եղել, մարդ են ծեծել: Այժմ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստուգումներ են անցկացվում»,- ասաց նա:
Մեզ հետ զրույցում Գորիսի բժշկական կենտրոնից հաստատեցին, որ էդգար Խաչատրյան անձը դիմել է հիվանդանոց, սակայն առողջական վիճակի մասին այլ տեղեկություններ հաղորդել՝ խուսափեցին:
Ըստ News.am-ի՝ Գորիսի նախկին ոստիկանապետ Գևորգ Ազիզյանն իր աշխատասենյակում այլ ոստիկանների հետ միասին ծեծի է ենթարկել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի որդուն՝ Էդմոն Խաչատրյանին:
Դեպքը տեղի է ունեցել ոստիկանապետի աշխատասենյակում: Երիտասարդին ծեծի ենթարկելու պատճառը եղել է ոստիկանությունում աշխատող կին լեյտենանտներից մեկին հաղորդագրություն ուղարկելը: