Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մերձավորները հեռախոսազանգերով սպառնացել են Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին՝ Սուրիկ Խաչատրյանի 90-ականների գործունեության վերաբերյալ բացահայտումներ անելու համար:
«Վերջին օրերին ստացել եմ հեռախոսազանգեր, նաեւ եղել են մի քանի հանդիպումեր Սուրիկ Խաչատրյանի մերձավորների կողմից: Ինձ ուղղված խրատաբանական արտահայտություններ են եղել՝ սպառնալիքի ենթատեքստով: Հայտարարում եմ, որ իմ մեջ շատ վաղուց սպանել եմ վախի, սարսափի անասունը ու նույնը խորհուրդ եմ տալիս անել Հայաստանի բոլոր քաղաքացիներին, մասնավորապես սյունեցիներին եւ հատկապես գորիսեցիներին»,- Aravot.am-ին ասաց Գորիսի նախկին քաղաքապետը՝ չմանրամասնելով թե հատկապես ում կողմից եւ ինչ տիպի սպառնալիքներ են հնչել: Նախկին քաղաքապետը, այս օրերին թվարկելով Սուրիկ Խաչատրյանի 90-ականներին կատարած գործերը, դիմում է նաեւ ոստիկանությանը. «Հայաստանի բարձրագույն իշխանավորները եւ իրավապահ համակարգի ղեկավարները, մասնավորապես ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, քննչական ծառայության տնօրենը, ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը Սուրիկ Խաչատրյանի արտասովոր քրեական ընթացքի նկատմամբ դրսեւորել են անտարբերություն եւ նրա հանցանքների վերաբերյալ բազմաթիվ հաղորդագրությունները եւ հրապարակումները ընկալել են՝ ձայն բարբառո անապատի:
Պահանջում եմ, որ իրավապահ համակարգի ղեկավարները վերջապես վերջակետ դնեն Սուրիկ Խաչատրյանի հանցագործ ընթացքի վերաբերյալ իրավապահ մարմինների մինչ օրս դրսեւորած անգործությանը եւ համապատասխան քրեական գործեր հարուցեն իմ թվարկած բոլոր հանցանքների հետ կապված եւ անհապաղ ձերբակալեն մեր ժամանակների հակահերոս Սուրիկ խաչատրյանին»: