Չնայած իշխանական թևի ներկայացուցիչները Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո հաճախ են հայտարարում, որ Ս. Խաչատրյանը դժվար թե վերանշանակվի Սյունիքի մարզպետի պաշտոնում, սակայն մեր ունեցած տեղեկություններով՝ ՀՀԿ վերնախավը այս հարցի առնչությամբ դեռ վերջնական որոշում չի կայացրել: Դա է վկայում նաև այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը չի շտապում Սյունիքի նոր մարզպետ նշանակելու հարցում:
Ունի՞ արդյոք հնարավորություն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վերադառնալու իր պաշտոնին, ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը պատասխանել է. «Ես չգիտեմ, դա կառավարությունն է որոշելու, պարզապես ես կուզեմ, որ ինքը վերադառնա»:
Ս. Խաչատրյանին դարձյալ մարզպետի պաշտոնում տեսնելու ցանկությունը Գորիսի քաղաքապետը մեկնաբանում է այսպես. «Որովհետև ինքը բոլոր տնտեսական ցուցանիշները, կազմակերպչական գործողությունները նորմալ են իրա մոտ»: Նելսոն Ոսկանյանը չի թաքցրել նաև այն հանգամանքը, որ Խաչատրյանը ընտրություններին բավականին լավ է աշխատել ՀՀԿ-ի համար, և մասնավորապես փետրվարին կայացած նախագահական ընտրություններում ապահովել Սյունիքի մարզում Սերժ Սարգսյանի հաղթանակը: «Դա էլ է հավատի աղբյուր»,- ասել է Նելսոն Ոսկանյանը:
Գորիսի քաղաքապետը հայտնել է, որ երեք օր առաջ է հանդիպել Սուրիկ Խաչատրյանին: Վերջինիս տրամադրությունը նորմալ է եղել: «Գորիսեցիները հարգանքով են վերաբերվում նրա նկատմամբ, ինքը մեծ ավանդ ունի: Ես չէի ուզենա, որ այս դեպքը պատահած լիներ, դե պատահել է, և ինձ թվում է, որ ամեն ինչը իրա տեղը կդրվի»,- մեզ հետ զրույցում ասել է Գորիսի քաղաքապետը:
Հիշեցնենք, որ հունիսի երկուսի կեսգիշերին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան բակում հնչել էին կրակոցներ, ինչի արդյունքում ապանվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ վերջինիս հարազատ եղբայրը շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցում:
Հարուցվել է քրեական գործ: Ձերբակալվել են Սուրեն Խաչատրյանի որդին և թիկնապահը:
Փայլակ Ֆահրադյան