Ֆինլանդիայի կրթական համակարգը համարվում է լավագույնն աշխարհում: Կրթության որակի գնահատման չափանիշների համաձայն, այն լավագույն 10-ը երկրների ցանկում է: Սակայն տեղի իշխանությունները չեն ցանկանում բավարարվել ձեռքբերվածով և որոշում են կայացրել արմատական փոփոխության ենթարկել կրթական համակարգը:
Պետական պաշտոնյաները նպատակ ունեն չեղարկել ֆիզիկայի, մաթեմատիկայի, գրականության, պատմության և աշխարհագրության առարկաների դասավանդումը: Հելսինկիի կրթության բաժնի ղեկավար Մարիո Կիլոնեն հետևյալ կերպ է բացատրում ակնկալվող փոփոխությունները. «Կան դպրոցներ, որտեղ դասավանդում են հնաոճ մեթոդների օգնությամբ, ինչն ակտուալ էր համարվում 1990-ականների սկզբներին: Սակայն ներկայումս պահանջմունքներն էական փոփոխության են նթարկվել և հարկ է ստեղծել 21-րդ դարին համարժեք կրթական համակարգ»:
Նոր կրթական համակարգը ենթադրում է, որ աշակերտներն առարկաները սովորելու են միջմասնագիտական ձևաչափի շրջանակներում: Օրինակ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմը ներկայացվելու է պատմության, աշխարհագրության և մաթեմատիկա առարկաների շրջանակներում: Իսկ «Աշխատանք սրճարանում» կուրսի ներքո աշակերտները ձեռք են բերելու անգլերեն լեզվի, տնտեսագիտության և հաղորդակացության գիտելիքներ:
Այս համակարգը ներդրվելու է ավագ դպրոցի աշակերտների համար՝ սկսած 16 տարեկանից: Աշակերտն ինքը պետք է ինքնուրույն թեմայի ընտրություն կատարի: Բացի այդ, կվերանա ուոսուցիչ-աշակերտ ստանդարտ փոխհարաբերությունը: Գրատախտակի մոտ դաս պատասխանելու փոխարեն աշակերտները փոքր խմբերով համատեղ աշխատանքի արդյունքում կլուծեն տարբեր բնույթի խնդիրներ:
Այս համակարգին անցում կատարելու համար ուսուցիչները պետք է լինեն կոմպետենտ: Այդ իսկ պատճառով նախքան աշխատանքին անցնելը, նրանք պետք է անցնեն նախապատրաստական շրջան: Համակարգին ամբողջական անցում կկատարվի 2020 թվականին: Նախապատրաստական շրջանը հաջողությամբ հաղթահարել է Հելսինկիի ուսուցիչների 70%-ը: