ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանը, հանրության մեջ առավել հայտնի «ՄԱՊ-ի Ալիկ» մականվամբ, հաստատում է այն տեղեկությունը, որ ՄԱՊ գործարանի աշխատակիցների հետ ժողով է կազմակերպել և հանձնարարել, որ որպես վստահված անձ աշխատելու համար յուրաքանչյուրը 4 մարդ բերի:
Պատգամավորը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցի հետ զրույցում այսպես արձագանքեց. «Բա ես ամբողջ մարզում 130 հատ վստահված անձ ունենալու համար կարողա՞ ուրիշ հիմնարկներից պիտի վերցնեմ վստահված անձ: Իմ աշխատողները, իրենց ընտանիքի անդամները պիտի դառնան ինձ վստահված անձ: Ինձ 130 հատ վստահված անձ է պետք, ես ոչ 130 հատ քուր ու ախպեր, ոչ էլ հորեղբայր ունեմ, ես ունեմ իմ կոլեկտիվը, որոնց հավատում ու վստահում եմ և հանձնարարել եմ, որ իրենց ընտանիքներից վստահված անձերի ցուցակ տան, որ բոլոր ընտրատարածքներում ունենամ իմ վստահված անձանց: Ա՛յ քեզ բան»:
Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի այն տեղեկությունները, թե՝ իր թիմակիցներն Արմավիրի մարզի գյուղերում 5 հազար դրամ ընտրակաշառք էին առաջարկում մարդկանց, Ալիկ Պետրոսյանը պատասխանեց հակիրճ. «Դա էշություն է, թող մեկը գա, ասի՝ տենց բան կա»:
Սոնա Հարությունյան