Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ընդամենը նախընտրական խոստումներ է համարում այլ քաղաքական ուժերի հայտարարությունները, թե իշխանության գալու դեպքում շեշտակի բարձրացնելու են աշխատավարձերն ու թոշակները։ Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակում լրագրողների հետ հանդիպմանը Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ Հանրապետականը ընտրություններին ընդառաջ ներկայացրել է իրատեսական և կայունացնող բյուջե, որովհետև չի ցանկանում խոստումներ տալ, որոնք հետագայում չի կարողանալու իրականացնել։
«Եթե մենք կառուցեինք նախընտրական բյուջե, դա ստահոդ բյուջե կլիներ, իսկ մենք ասել ենք, որ ընտրություններին ընդառաջ մենք բերում ենք ոչ թե նախընտրական, այլ կայունացնող բյուջե։ Իսկ այն գործիչները, ովքեր հայտարարում են, որ կարող են շեշտակի բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը, բոլորն էլ հասկանում են, որ դրանք ընդամենը նախընտրական խոստումներ են»,- նշեց Բաղդասարյանը։
Նա հիշեցրեց, որ առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից որոշները իշխանությունների հետ ճանապարհ են անցել, կոալիցիա են կազմել տարբեր տարիների։ Պատգամավորն այդ քաղաքական ուժերին խորհուրդ տվեց չմոռանալ անցյալը և կուրորեն չպայքարել Ազգային ժողով մտնելու համար։