Նորք Մարաշի զինված խմբի գործով կալանավորված ՀՀ նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցին հայտնեց նրա փաստաբան Հայկ Ալումյանը:
Փաստաբանի խոսքով՝ հիվանդանոցում Վահան Շիրխանյանը որևէ բուժում չի ստացել, նրան միայն հետազոտել են:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Եվրոպական դատարանից Հայաստանի Հանրապետությունը Վահան Շիրխանյանի գործով ստացել էր հինգ տարբեր հարցեր, որոնց պետք է պատասխաներ մինչև փետրվարի 22-ը: Վահան Շիրխանյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելը համընկավ հենց այս ժամանակահատվածի հետ:
«Փաստորեն, ոչ թե մտահոգված էին նրա առողջությամբ, այլ ուղղակի թուղթ են ուզում ցույց տալ ՄԻԵԴ-ին»,– ասաց Հայկ Ալումյանը՝ ավելացնելով, որ երկուշաբթի օրն այդ տեղեկությունները կուղարկեն ՄԻԵԴ:
Հավելենք՝ փետրվարի 24-ին Վահան Շիրխանյանին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նշենք, որ Վահան Շիրխանյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, որի պատճառով չի կարողանում մասնակցել դատական նիստերին: Ինչպես ահազանգում էր փաստաբանը՝ «արդեն չեն էլ ուզում օգնել, որպեսզի կարողանա գալ տեսակցության կամ նիստերին մասնակցելու»:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Հանցավոր համագործակցությանը մասնակցելը», որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով:
Սոնա Հարությունյան