Այսօր մեկնարկեց քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավը:
«ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի քարոզարշավը սկսվել է Արաբկիրում տեղակայված իրենց շտաբից, որտեղ ելույթներով հանդես են եկել դաշինքի ներկայացուցիչները:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը համառոտ ներկայացրեց իրենց ծրագիրը, որը, ըստ նրա՝ սովորական նախընտրական ծրագիր չէ. «Սա ժողովրդին ճշմարտությունն ասելու ծրագիր է: Պետական պրոպոգանդան ճշմարտությունը թաքցրել է, մեզ մինչ օրս մատուցել են հեքիաթներ, թե Ղարաբաղի հարցը լուծված է»:
Լևոն Զուրաբյանը նշեց, որ իրենք գալիս են խաղաղություն հաստատելու:
«ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի քարոզարշավի մեկնարկին ելույթով հանդես եկան նաև ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը: Վերջինս իր ելույթում անդրադարձավ գիտության, կրթության և մշակույթի հարցերին և ներկայացրեց իրենց ծրագրային դրութները։
«Մեր ծրագրի մեջ ամենածավալունը գիտություն, կրթություն և մշակույթի բաժինն է: Մեր երկրի հիմքը կրթությունն է, նրա հիմքը՝ հանրակրթությունը, որի մեջ ունենք լուրջ ձախողումներ: Մեր դպրոցները ծանրաբեռնված են 40 տոկոսով, մեր դպրոցների թիվը պակասում է ամեն տարի տասնյակ հազարներով, մեր դպրոցներն աշխատում են սխալ սկզբունքով: Մենք առաջարկում ենք համակարգ, ըստ որի՝ ոչ թե դպրոցը պետք է ֆինանսավորվի, այլ աշակերտը, քաղաքացին: Եվ ծնողը պետք է որոշի՝ որ կրթական հաստատություն պետք է տանի իր երեխային: Սրանով է պայմանավորվելու մեր կրթական որակի բարձրացումը»,- ասաց Արամ Մանուկյանը՝ ավելացնելով, որ նույնը պետք է լինի նաև բուհական հաստատությունների դեպքում: