Իրանն ու Ադրբեջանը կիրակի համաձայնություն են ձեռք բերել Եվրոպայից Հարավային Ասիա իրականացվելիք երկաթուղային բեռնափոխադրումների ծրագրի իրենց մասն իրագործելու շուրջ:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով «ԻՐՆԱ» իրանական պետական գործակալությունը, այս որոշումը ձեռք է բերվել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի բանակցությունների արդյունքում: Կողմերը համաձայնագիր են ստորագրել միավորելու իրենց երկաթուղային համակարգերը փորձնական հիմունքներով:
Նախատեսված բեռնափոխադրումների երթուղին, որն ստացել է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցք անվանումը, նպատակ է հետապնդում միավորել Հյուսիսային Եվրոպան և Հարավային Ասիան' Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի երկաթուղիների շահագործման միջոցով: Ինչպես ակնկալվում է, առաքման ծառայությունը կգործի Պարսից ծոցի Բանդար Աբբաս նավահանգստից մինչև Հնդկաստանի Մումբայ քաղաք:
Նշենք, որ Թուրքիայի և Իրանի հետ երկաթուղային բեռնափոխադրումներ սկսելու ծրագրի մասին նախօրեին հայտնել էր Հնդկաստանը: