Երեւանում այսօր՝ ավտոմեքենայի մեջ մահացած հայտնաբերված 30-ամյա Օմար Ամարյանը ընկել է էլեկտրասյան վրայից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
«ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի հետեւի նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի գագաթային հատվածում պատռված վերքի ձեւով, իսկ ձախ ձեռքի մատներին՝ այրվածքին բնորոշ վնասվածքներով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը, ով Կոտայքի մարզի բնակիչ, 1987թ. ծնված Օ. Ամարյանն է:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Օ. Ամարյանն ընկել է էլեկտրասյան վրայից։ Մասնագետների նախնական ախտորոշման համաձայն՝ տղամարդը մահացել է էլեկտրահարվելու պատճառով։
Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Անզգուշությամբ մահ պատճառելը):
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Օ. Ամարյանի մահվան բոլոր հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Օմար Ամարյանը տաքսու վարորդ էր՝ Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ: