«Ժառանգություն» կուսակցությունից հեռանալուց հետո այսօր առաջին անգամ Զարուհի Փոստանջյանը հանդես եկավ մամլո ասուլիսուվ:
«Նախկին ժառանգականի» փոխանցմամբ՝ ինքն ու իր շուրջ համախմբված թիմակիցները ստեղծել են քաղաքական մի թիմ, որն իր առաջ խնդիր է դրել լուծել Հայաստանում առկա ամենամեծ խնդիրը՝ մարդկային կապիտալի հարցը:
«25 տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է մեկ միլիոն մարդ, նրանք օտար երկրներում կազմել են ընտանիքներ, ստեղծել կարողություններ, բայց միևնույնն է՝ հնարավորություն չունեն մասնակցելու ՀՀ քաղաքական կյանքին, քանի որ ՀՀ քաղաքացիություն չունեն: Իմ շուրջ համախմբված այս թիմի նպատակն է լինելու լրացնել այդ բացը և լուծել նրանց քաղաքացիությոն հարցը»,-ասաց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ ՀՀ քաղաքացիների 50 տոկոսը խոցելի է, պետական պաշտոններում աշխատողներն են անգամ խոցելի, ուստի, նման հանգամանքներում անհնար է կազմակերպել արդար ընտրություններ: «Մենք հասկանում ենք այն քաղաքացիներին, ովքեր ապրում են ՀՀ-ում և խոցելիության պատճառով չեն կարողանում ակտիվորեն մասնակցել ընտրական գործընթացներին:
Որպեսզի կարողանանք ճեղքել այս ամենը, պետք է դիմենք օտար երկրում ապրող մեր հայրենակիցների օգնությանը: Նրանք, ովքեր ապրել են սփյուռքում և չունեն ՀՀ քաղաքացիություն, պետք է վստահ լինեն, որ ՀՀ-ում իրենց քաղաքացիություն կտան: Մեր նպատակն է այս հարցը լուծել»,-ասաց Փոստանջյանը՝ հավելելով, որ սփյուռքում ապրող մեր այս հայրենակիցների միջոցով էլ հնարավոր է հասնել իշխանափոխության:
«Մեր նախաձեռնությունը կհրավիրի համագումար, կդառնանք կուսակցություն»,-ասաց Փոստանջյանը՝ շեշտելով, որ նորաստեղծ կուսակցության կազմում ակտիվորեն շարունակելու է զբաղվել քաղաքականությամբ: