«Հայելի» ակումբի եւ Անժելա Թովմասյանի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Ստորեւ ներկայացնում ենք նրա բողոքի տեքստը. «2019 թվականի հոկտեմբերի 5-ին քաղաք Երեւանի Բյուզանդի 1/3 հասցեում գտնվող «Հայելի» ակումբի գրասենյակի վրա տեղի է ունեցել հարձակում: Հարձակում գործած անձինք Հայաստանի Հանրապետության գործադիր եւ օրենսդիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ գտնվում են մտերիմ հարաբերությունների մեջ: Վերջիններս, թե իրենց հրապարակավ հայտարարություններում, թե իրենց գործողություններում, ընդգծում են, որ իրենց գործունեության առաքելությունն է լռեցնել բոլոր նրանց, ովքեր քննադատում են գործող իշխանություններին: Նրանք հանդես են գալիս որպես խմբակ, որը պատրաստ է բռնություն գործադրելով եւ քրեորեն այլ հետապնդելի արաքներ կատարելով, լռեցնել հատկապես Նիկոլ Փաշինյանին քննադատողներին կամ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին:
Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո այս խմբակի անդամները, բազմաթիվ հարձակումներ իրականացնելով, ներգրավված են եղել որպես մեղադրյալներ բացառապես «Հայելի» ակումբի գրասենյակի վրա հարձակման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս խմբակի բավականին ակտիվ անդամներից Հայկ Ստեփանյանը, ով՝ չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն իսկ դատապարտվել է կեղծարարության համար, առավել աչքի է ընկնում անհանդուրժողականության կոչերով, ինչպես նաեւ «պատժիչ» գործողություններ նախաձեռնելով:
Համաձայն պաշտոնական տվյալների՝ «Հայելի» ակումբի գրասենյակի վրա հարձակում գործած անձինք' Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը եւ Հայկ Ստեփանյանը, չեն աշխատում: Վերջիններիս ոչ ֆորմալ աշխատանքը, թերեւս, ներկայումս գործող «Հեղափոխության պահապաններ» խմբակի անվան ներքո է իրագործվում։ Ավելին, վերջիններիս կապը Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաեւ նրանց նկատմամբ իրավապահ մարմինների հովանավորչությունը, հիմնավոր կասկած է առաջացնում առ այն, որ սույն անձինք հավաքագրված են հատուկ խմբակում, եւ նրանց հավաքագրողները նրանց վարձատրում են (քանզի աշխատանք չունեցող անձանց կողմից այլ կերպ հնարավոր չէ իրականացնել ֆինանսական միջոցներ պահանջող գործողություններ) այլախոհ մարդկանց կամ այլախոհ կազմակերպությունների նկատմամբ ոտնձգություն կատարելու համար: Այսինքն, Հայաստանի Հանրապետությունում գործում է ահաբեկչական խմբակ, որի գործունեությունը, սակայն, իրավապահ մարմիններին համար որեւէ անհանգստություն չի առաջացնում: Վերջապես, այս խմբակի գործողությունների հետեւանքով տուժած անձանց բողոքները եւ հանրության զայրութը անտեսվում են իրավասու իշխանությունների կողմից:
Այժմ' 2020 թվականին, Հայաստանի Հանրապետությունում ստիպված ենք բողոքներ ներկայացնել Նիկոլ Փաշինյանի եւ նրա «Հեղափոխության պահապանների» դեմ:
2020 թվականի մայիսի 6-ին վարույթն իրականացնող մարմինը՝ քննիչը, որոշում է կայացրել «Հայելի» ակումբի գրասենյակի վրա տեղի է ունեցած հարձակման կապակցությամբ հարուցված թիվ 15959619 քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Սույն թվականի մայիսի 18-ին բողոք եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին' թիվ 15959619 քրեական գործով վարույթը կարճելու եւ Դավիթ Հովհաննիսյանի, Սարգիս Մանուկյանի, Արտակ Մարգարյանի ու Հայկ Ստեփանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաեւ վերջիններիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով, 143-րդ հոդվածով, 258-րդ հոդվածով եւ 332-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու որոշման դեմ: