ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: ՀՀ գլխավոր դատախազը կոլեգիայի անդամներին է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ, ՀՀ
զինվորական դատախազ Վահե Հարությունյանին:
Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել նախկին ՀՀ զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանին՝ դատախազական համակարգում երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար:
Հաջողություններ մաղթելով նորանշանակ զինվորական դատախազ Վահե Հարությունյանին՝ Գլխավոր դատախազը բարձր է գնահատել նրա պրոֆեսիոնալիզմը և իրավապահ համակարգում երկարամյա աշխատանքային փորձը՝ վստահություն հայտնելով, որ դատախազական համակարգում նրա գործունեությունը ուղղված կլինի ՀՀ իրավական համակարգի ամրապնդմանը:
Արթուր Դավթյանը ևս մեկ անգամ շեշտել է զինված ուժերում հանցավորության կանխարգելման ուղղությամբ ակտիվ աշխատանքների անհրաժեշտությունը' ընդգծելով քրեածին պատճառներն ու պայմանները վերացնելու նկատմամբ հետևողականություն
ցուցաբերելու կարևորությունը:
Գլխավոր դատախազը նշել է, որ բանակը ՀՀ անվտանգության երաշխավորն է, միաժամանակ ընդգծելով, որ այս ոլորտում դատախազական աշխատանքն առավել զգայուն և մանրակրկիտ պետք է լինի, քանի որ հայկական զիված ուժերում ծառայող զինվորն իր անսասան ոգու եւ անհաղթ բազկի ուժով փայլուն իրականացնում է հայրենիքի պաշտպանի իր առաքելությունը: