ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մանրամասներ ներկայացրեց Գորիսում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Կոստանյանը, պատասխանելով հարցին, թե ինչու այդքան ուշ կայացվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն բերման ենթարկելու որոշումը, նշեց, որ այդ գործի վերաբերյալ նախ սկսվել է նախաքննություն, որից հետո ոստիկանությունը և նախաքննությունն իրականացնող մարմինը՝ Քննչական կոմիտեն, պետք է կայացնեին որոշում՝ հարուցե՞լ քրեական գործ, թե՝ ոչ: «Դատախազը նյութերի մախապատրաստման ավարտին պահանջեց նյութերը ոստիկանությունից, և ինքը որոշում կայացրեց քրեական գործ հարուցելու մասին: Քրեական գործը հարուցելուց հետո այն ուղարկվեց քննչակակն կոմիտե՝ համապատասխան քննության: Քննչական կոմիտեն իրականացրեց քննություն և արդեն իր գործով տեսավմ, թե ովքեր են վկաները, ովքեր պետք է հարցաքննվեն և վկաներին ուղարկեց համապատասխան ծանուցագրեր, ինչն օրենքով նախատեսված գ ործառույթ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ գլխավոր դատախազը:
Նա հայտնեց, որ վկաներին ծանուցագիր էր ուղարկվել, որ նրանք պետք է մայիսի 9-ին ներկայանային նախաքննության մարմին: «Նրանք մայիսի 9-ին նախաքննության մարմին չներկայացան: Քրեական դատավարության օրենսգրքով՝ եթե դու վկային հրավիրում ես որևէ հստակ օր, նշանակում է, որ վկան քեզ պետք է հենց այդ օրը, իսկ եթե նա չի գալիս, այդ դեպքում որոշում է ընդունվում բերման ենթարկելու մասին: Դրա համար ենթադրվում է, որ այն ժամանակ, երբ վկային հրավիրում ես, և նա չի գալիս, նախաքննության մարմինը պետք է որոշում կայացնի բերման ենթարկելու մասին: Դա նրա իրավունքն է, ինչպես նաև պարտականությունը, որովհետև եթե վկան չի ներկայացել, դու պետք է ինչ-որ կերպ ապահովես նրա ներկայությունը, որպեսզի քննությունը չտուժի»,- հավելեց Կոստանյանը:
Նա ընդգծեց, որ վկաներին ծանուցագիր ուղարկելուց հետո երկու օր շարունակ ինքը հետքրքրվել է գործի մանրամասներից՝ տեսնելու համար, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել վկաների ներկայությունն ապահովելու համար, և մայիսի 12-ին նախաքննության մարմնից կրկին պահանջել է գործը: «Երբ դատախազը տեսնում է, որ այլ միջոց, այսինքն՝ բերման ենթարկելու դատավարական պահանջը կիրառված չէ, դատախազն ինքն է ցուցում տալիս, որպեսզի բոլոր վկաներին բերման ենթարկեն»,- մանրամասնեց Կոստանյանը:
Հարցին, թե ինչո՞ւ է Սուրիկ Խաչատրյանի որդին քրեական գործով ներգրավվել որպես վկա, երբ շատ է խոսվում այն մասին, որ նա այդ ծեծկռտուքի մասնակիցն է եղել, Կոստանյանը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ նախաքննության մարմինը քննության ընթացքում համապատասխան կարգավիճակ կտա, եթե պարզվի, որ այդ խոսակցությունները համապատասխանում են իրականությանը: Համենայնդեպս, այս պահի դրությամբ՝ ես ծանոթ չեմ, թե քրեական գործով ինչ ապացույցներ են ձեռք բերվել, բայց ենթադրում եմ, որ մայիսի 25-ին ես գործը կպահանջեմ և կտեսնեմ, թե ինչ քննություն է իրականացվել, և ինչ իրավական գնահատականներ են տրվել»,- եզրափակեց Կոստանյանը: